Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնին հանձնարարվեց առավել ակտիվացնել դպրոց-համալսարան համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքները թե՛ «Բաց դռների օրեր»-ի, ճանաչողական այցերի և թե՛ ակ­նար­կային ու բովան­դակային դասախոսությունների, թե­մա­տիկ քննարկում­ների միջոցով:

2023 թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Նիստում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի դասալսումների արդյունքներին, առկա ուսուցման 2-րդ և հեռակա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունների և ստուգումների, քննաշրջանի նախապատրաստմանը և անցկացմանը, վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքներին, ավագ դպրոցներում և քոլեջներում սովորողների համար մասնաճյուղում ամենամյա «Բաց դռների օրեր» և ճանաչողական այցեր կազմակերպելուն, դասախոսներին հանրակրթական ուսումնա­կան հաստատությունների հետ աշխատանքներում առավելագույնս ներգրավելուն, տնօրենության նախորդ նիստի որոշումների կատարողականին և մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերը 2023-24 ուստարվա առաջին կիսամյակում վերահանձնելու գործընթացին վերաբերող հարցեր:

Առաջին հարցի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետը՝ ներկայացնելով 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում մասնագիտական ամբիոնների վարիչների իրականացրած դասալսումների և դասախոսների կատարած փոխադարձ դասալսումների արդյունքները: Մասնավորապես նշվեց, որ դասալսումներն իրականացվել են համաձայն ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կարգի և ֆակուլտետների կողմից հաստատված ժամանակացույցների:

Ամբիոնների վարիչների և դասախոսների կողմից վերլուծվել են իրականացված դասալսումների արդյունքները, մասնավորապես՝ նշվել են դասավանդողի մանկավարժական ու մեթոդական ուժեղ և թույլ կողմերը, առանձնացվել նրա կիրառած նորարարական մեթոդները, գրվել են դիտողություններ, կատարվել բարելավման առաջարկներ, և վերլուծությունն ամփոփվել է եզրակացությամբ:

Արդյունքները քննարկվել են ամբիոնների նիստերում, և արձանագրությունների համապատասխան քաղվածքներն ուղարկվել են Ուսումնամեթոդական վարչությանը:

Հաջորդիվ ներկայացվեց, որ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման 2-րդ, հեռակա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունների և ստուգումների, ինչպես նաև 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի անցկացման համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

Մասնավորապես նշվեց, որ առկա ուսուցման 1-ին կիսամյակի 2-րդ ընթացիկ ստուգումները, քննությունները և ստուգարքները, ըստ հաստատված ժամանակացույցի, կանցկացվեն 2023 թ. դեկտեմբերի 22-29-ն ընկած ժամանակահատվածում:

Հեռակա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունները և ստուգումները, ժամանակացուցի համաձայն, նախատեսված է իրականացնել ս.թ. դեկտեմբերի 19-29-ն ընկած ժամանակահատվածում:

2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանը կմեկնարկի 2024 թ. հունվարի 10-ին և կտևի մինչև հունվարի 30-ը:

Ֆակուլտետների դեկանները ամբիոններում քննարկումներից հետո հաստատման են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք հասանելի են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքում, իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Իրականացվել են նախապատրաստական այլ աշխատանքներ:

Վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքների ամփոփման հարցի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն Մ. Օթարյանը: Մասնավորապես նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում՝ 2023-24 ուստարվա առաջին կիսամյակում, 2-4-րդ կուրսի 143 ուսանողի տրամադրվել է ուսման վարձի լրիվ փոխհատուցում (ուսուցման անվճար համակարգ): 13 ուսանողի տրվել է ուսման վարձավճարի 100% փոխհատուցում: 27 ուսանող անվճար ուսուցման համակարգից անցել է վճարովի ուսուցման համակարգ:

Ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում է տրվել 138 (առկա ուսուցման 61 և հեռակա ուսուցման 77) ուսանողի: 2-4-րդ կուրսի 114 ուսանողի նշանակվել է պետական կրթաթոշակ:

2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժինը նախապես մշակված ժամանակացույցով հոկտեմբերին Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում իրականացրել է 34 հանդիպում: Դպրոցներն առաջարկել են իրենց նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ճանաչողական այցեր կազմակերպել գարնանը: ՊԿՇՀ բաժնի նախաձեռնությամբ մինչև դեկտեմբերի 22-ը ճանաչողական այց կկազմակերպվի Աչաջրի միջնակարգ դպրոցի աշակերտների համար:

Դասախոսներին հանրակրթական ուսումնա­կան հաստատությունների հետ աշխատանքներում առավելագույնս ներգրավելու վերաբերյալ նշվեց, որ ՊԿՇՀ բաժնի կողմից 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակում մարզի դպրոցներում կազմակերպվել է յոթ դասախոսություն:

Բաժինը Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների 22 դպրոցների ուղարկել է գրություն հանրակրթական հայոց պատմություն, հայոց լեզու և գրակա­նություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից ներկայացնելու դասախոսությունների՝ իրենց կողմից նախընտրելի թեմաները: Գրությանն արձագանքել են Ազատամուտի և Աչաջրի միջնակարգ դպրոցները: Ազատամուտի միջնակարգ դպրոցի կողմից ըստ դասարանների առաջարկվել է հինգ թեմա, որոնք ուղարկվել են համապատասխան ամբիոններին՝ դասախոսներ առաջարկելու: Աչաջրի միջնակարգ դպրոցն առաջարկել է ուսուցիչների համար իրականացնել դասախոսություն՝ «Տարիքային հոգեբանություն» թեմայով: Ամբիոնների և դեկանի կողմից առաջարկված դասախոսների բեռնվածու­թյունից ելնելով՝ ս.թ. դեկտեմբերի 22-ին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ազատյանը դասախոսություն կանցկացնի Ազատամուտի միջնակարգ դպրոցում, մյուսները կիրականացվեն հունվարին:

Դպրոցների հետ համագործակցության շրջանակներում ՊԿՇՀ բաժինը Ուսանողական գիտական ընկերության հետ 2023-2024 ուսումնական տարվա ընթացում պլանավորել է 4 դպրոցում (Իջևանի ավագ դպրոց, Իջևանի վարժարան, Գանձաքարի միջնակարգ դպրոց, Աչաջրի միջնակարգ դպրոց) իրականացնել «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը: Առաջին կիսամյակում խաղն իրականացվել է Իջևանի վարժարանում:

Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնին հանձնարարվեց առավել ակտիվացնել դպրոց-համալսարան համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքները թե՛ «Բաց դռների օրեր»-ի, ճանաչողական այցերի և թե՛ ակ­նար­կային ու բովան­դակային դասախոսությունների, թե­մա­տիկ քննարկում­ների միջոցով:

Տնօրենության նախորդ նիստի որոշումների կատարողականին անդրադառնալիս նշվեց, որ դրանք իրականացվել են: Որոշումները վերաբերում էին մասնավորապես դպրոցներից ԵՊՀ ԻՄ դիմորդների հոսքի ավելացման ուղղությամբ  դպրոց-բուհ կապի ամրապնդմանը, իր դիմումի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ շրջանավարտի դիպլոմն անվավեր ճանաչելուն և կրկնօրինակը տրամադրելուն. մյուսներում էլ քննարկված հարցերի վերաբերյալ հաղորդումներն ընդունվել էին ի գիտություն:

Վերջին հարցի մասին նշվեց, որ մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերը 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում՝ ս.թ. նոյեմբերի 21-27-ը, վերահանձնելու համար դիմել էր 19 ուսանող, որից 2-ը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից (առկա), 10-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետից (առկա՝ 2, հեռակա՝ 8), 7-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից (հեռակա): 19 ուսանողից 14-ը ստացել է դրական, իսկ Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման չորրորդ կուրսի 8 ուսանողից 5-ը «Մաթեմատիկական մոդելավորում և թվային մեթոդներ» դասընթացից ստացել է անբավարար: Ակադեմիական պարտքերը չվերահանձնած 5 ուսանողները 2024 թ. հունվարի 24-31-ը ևս մեկ անգամ վերահանձնելու հնարավորություն ունեն:

Հեղինակ

Video
Spread the article
©2023 All rights reserved.