2023 թ. դեկտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած աշխատանքային խումբը՝ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը (ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամ), ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը:

2023 թ. դեկտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած աշխատանքային խումբը՝ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը (ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամ), ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը:

Մայր բուհի ռեկտորի գլխավորությամբ բոլոր ներկաներին ողջունելով և մասնակցության համար շնորհակալություն հայտնելով՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը ներկայացրեց օրակարգային հիմնական հարցը՝ ԵՊՀ ԻՄ 2022-2023 ուսումնական տարվա մասնաճյուղի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Մասնավորապես նշվեց, որ հաշվետու (2022-23) ուստարում մասնաճյուղն իր գործունեությունը կազմակերպել է ԵՊՀ ԻՄ 2022-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի (ՌԾ) և դրա իրականացման ժամանակացույցի հիման վրա: Պլանավորված գործողություններն ուղղորդված են եղել ապահովելու մասնաճյուղի ռազմավարական 3 նպատակների իրականացումը՝ բարձրորակ կրթություն, գիտություն և նորարարություն, հանրային ներգրավում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության հիմնական նպատակն է անխափան և արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ ուսանողների համար ապահովելով անհրաժեշտ կրթական միջավայր ու ռեսուրսներ, կրթությունն իրականացնել բարձրակարգ դասախոսական կազմի ներգրավմամբ, մատուցել նորարարական ու առաջադեմ կրթություն, նաև նպաստել դիմորդների թվի աճին և իր շրջանավարտների ապագա կարիերայի ձևավորմանը:

ԵՊՀ ԻՄ-ն իր աշխատանքի արդյունքները գնահատելու և հանրությանը ներկայացնելու համար յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին հրապարակում է իր Գործունեության արդյունքային ցուցանիշների (ԳԱՑ) լրակազմը, որոնց հիման վրա էլ կազմվել է տվյալ հաշվետվությունը:

2022 թ․ սեպտեմբերից 2023 թ․ դեկտեմեբեր հաշվետու ժամանակահատվածի գործողությունների պլանով մասնաճյուղն իր ուսումնական և վարչական ստորաբաժանումների հետ համատեղ ռազմավարական ծրագրի 3 նպատակների 19 խնդիրների 98 գործողությունների իրականացման համար մշակել է մարտավարություն՝ շուրջ 288 նպատակային քայլերով և 211 ակնկալվող ցուցիչներով:

ԵՊՀ ԻՄ 2022-26 թթ․ զարգացման ՌԾ-ի իրականացման գործողությունների պլանի կատարողականից ելնելով՝ առանձնացվել են հաշվետու ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրանցած տասնյակից ավել հաջողություններ և դժվարություններ:

Գրանցված հաջողություններից էին ՌԾ-ի հիման վրա մշակված գործողությունների տարեկան պլանին համապատասխան գործունեությունը, «ԳԱՑ 2018-2023»-ի լրակազմի կիրառումը արդյունքների վերլուծության համար, մասնաճյուղի գործունեության արդյունավետության բարելավման և համակարգման համար մշակված կամ վերանայված շուրջ 40 փաստաթղթերը, մշտադիտարկվող և վերանայված վերջնարդյունքներով կրթական ծրագրերը, ներդրված նոր մագիստրոսական ծրագիրը, Moodle առցանց ուսուցման համակարգի կիրառումը բոլոր դասախոսների կողմից, անխափան իրականացվող ուսումնական գործընթացը, բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմը, որակավորման բարձրացման գործող կրթագիտական ծրագիրը:

Մյուս հաջողություններն էին արդիականացված ենթակառուցվածքները, Տեղեկատվության անվտանգության կենտրոնը, գրականության թվայնացման համար ներդրված KOHA համակարգը, ակտիվ գործող էլեկտրոնային գրադարանը և կայքէջը, իրականացված դրամաշնորհային ծրագրերը, կազմակերպված միջազգային գիտաժողովները, արտերկրի համալսարանների հետ համագործակցությունը, առաջին անգամ դասախոսների և ուսանողների փոխանակումը, ինչպես նաև միջազգային ամառային դպրոցի իրականացումը, մարզի գործատուների հետ համագործակցությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեղինակության և վարկանիշի աճը:

Դժվարություններից էին գործունեության որոշ ոլորտների համար պլանավորված «չափազանց լավատեսական» արդյունքների իրականացումը, դասախոսների կողմից կրթական ծրագրերի վերջնադյունքներին ոչ համապատասխան գործնական առաջադրանքների, Moodle-ի հնարավորությունների, դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդների ոչ ամբողջական կիրառումը:

Այլ դժվարություններից էին լսարանների, ուսանողական հանրակացարանի և կապիտալ վերանորոգման կարիք ունեցող ենթակառուցվածքների, կայքի բարելավման, թվային գործիքների ավելի լայն կիրառման, ֆինանսական մուտքերի դիվերսիֆիկացման (գիտելիքի, ստեղծագործական արտադրանքի և ծառայությունների ապրանքայնացման) խնդիրները:

ԵՊՀ ԻՄ 2022-2023 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի ներկայացրած հաշվետվության մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հաշվետվության ներկայացումից հետո անդրադարձ կատարվեց Գիտական խորհրդի նիստի մասնակիցների հարցերին և առաջարկություններին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթական ծրագրերին, ԵՊՀ ԻՄ-ում այլ մասնագիտությունների ներդրման հնարավորությանը, գիտության և նորարարության տեսանկյունից մասնաճյուղի ուժեղացմանը, «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ում ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներն առանձին տաղավարով ցուցադրելուն կամ ցուցահանդես-վաճառք կազմակերպելուն և այլն:

Ելույթ ունեցավ Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ ԻՄ 2022-23 ուստարվա գործունեության վերաբերյալ տնօրենի ներկայացրած մանրակրկիտ հաշվետվության համար, ընդգծելով, որ Մայր բուհը պատրաստ է ամեն ինչ անել, որ մասնաճյուղը լիարժեք ընդգրկվի պլանավորման և իրականացման ԵՊՀ ընդհանուր բոլոր պրոցեսներում: Պարոն ռեկտորը ուրախությամբ նշեց, որ իսկապես ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները շատ արագ ներդրվում են Իջևանի մասնաճյուղում. խոսքը վերաբերում է և՛ էլեկտրոնային ռեսուրսների օգտագործմանը, փաստաթղթաշրջանառությանը, «E-learning»-ին, «Registrar»-ին, կայքի հետ կապված հարցերին և այլն: Ընդգծվեց նաև, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական կողմի ուժեղացման, ԵՊՀ և այլ միջագային դրամաշնորհային ծրագրերում մասնաճյուղի հնարավորինս ակտիվ ներգրավման, տարածաշրջանում գործող կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ ԵՊՀ ԻՄ սերտ համագործակցության ապահովման ուղղություններով:

Գիտական խորհրդի նիստում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2022-2023 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվեց բավարար, իսկ վերջինիս վերաբերյալ տնօրենի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

Տարածել նյութը
©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: