- Main
- Մասնաճյուղում իրականացվեց «Զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ս.թ. մայիսի 24-25-ը առկա և առցանց ձևաչափով իրականացրեց «Զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին:
Գիտաժողովին մասնակցեցին բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ և գիտնականներ՝ 4 համալսարանի 19 ներկայացուցիչներ 2 երկրից (Հայաստան, Ռուսաստան):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը և ռուսերենը:
Այն նպատակ ուներ խթանելու ուսանողական հետազոտությունները, բացահայտելու ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժը, զարգացնելու ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցությունը, կենտրոնացնելու երիտասարդության ուշադրությունը ՀՀ-ում ժամանակակից զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրների վրա, կատարելագործելու գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու մասնագիտական տարբեր շրջանակների հետ:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Մարգարյանը՝ ողջունելով բոլոր մասնակիցներին և ներկաներին, անդրադառնալով գիտաժողովի նպատակին, Տավուշի մարզում դրա իրականացման կարևորությանը:
Միջազգային գործընկերներից ողջույնի խոսք ասացին Տ․ Բ․ Լիսիցինան և Ա․ Ա․ Կորժանովան:
Ելույթ ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր, գիտաժողովի նախաձեռնող Գուրգեն Հովհաննիսյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ զբոսաշրջությունը համարվում է Տավուշի մարզի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը: Այդ ոլորտում իրականացված ցանկացած հետազոտություն, նախագիծ կարող է լուրջ դերակատարում ունենալ մարզում զբոսաշրջության զարգացման համար: Գիտաժողովի կարևոր առանձնահատկությունն այն է, որ միտված է ուսանողական հետազոտությունների իրականացմանը:
Երկօրյա գիտաժողովում ներկայացվեցին հետաքրքիր և արդիական թեմաներով 2 տասնյակ զեկուցումներ, որոնք հիմնականում վերաբերում էին Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմանը, ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականին, զբոսաշրջության զարգացման ռեգիոնալ առանձնահատկություններին (գիտաժողովի օրակարգը տե՛ս այստեղ):
Վերջում գիտաժողովի մասնակիցների համար կազմակերպվեց այց-Էքսկուրսիա Իջևանի գինու և կոնյակի գործարան:
Մասնակիցները կստանան հավաստագրեր: