- Main
- Գիտական խորհրդի նիստ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի՝ 2024 թ. առաջին նիստը, որի ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ կրթական ստորաբաժանումների ղեկավարների (ֆակուլտետների դեկանների)՝ 2022-2023 ուստարվա հաշվետվությունները՝ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2022-2023 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները:
Առաջարկված փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ում դասագրքերի և ուսումնամեթոդական այլ գրականության հրատարկման երաշխավորման գործընթացի կանոնակարգը, քննարկվեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Արա Կամոյի Ազատյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին հարցը:
ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների (Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի, Հումանիտար գիտությունների) դեկանները ֆակուլտետների կողմից մշակված գործողությունների պլաններին համապատասխան ներկայացրին հաշվետու ուստարում իրականացված աշխատանքների արդյունքները:
Իրենց հաշվետվություններում դեկանները մասնավորապես անդրադարձան գործողությունների իրականացման արդյունքում արձանագրված հիմնական հաջողություններին կամ ձեռքբերումներին, դրանք ի նպաստ ֆակուլտետի գործունեության արդյունավետության հետագա բարելավմանն օգտագործելուն, անհաջողություններին կամ դժվարություններին, դրանց առաջացման հիմնական պատճառներին և հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի՝ չորս ֆակուլտետների դեկանների ներկայացրած 2022-2023 ուստարվա հաշվետվություններն ընդունվեցին ի գիտություն, և փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ տվյալ ուստարում ֆակուլտետներում նրանց իրականացրած գործունեությունը գնահատվեց բավարար:
ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2022-2023 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները ներկայացնելիս նշվեց, որ Ուսումնամեթոդական վարչությունը ֆակուլտետների հետ համատեղ դրանք կազմակերպել է համաձայն գործող կարգի, հարցաշարի և ժամանակացույցի: Առաջին կիսամյակի հարցումներն առկա ուսուցմամբ սովորողների համար իրականացվել են փետրվարի 7-22-ը, հեռակա ուսուցմամբ սովորողների համար՝ մարտի 10-25-ը, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը (առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար): Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հարցումներն իրականացվել են առցանց եղանակով, համալսարանական էլեկտրոնային հասցեների միջոցով:
Հարցաշարի առաջին երկու հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիոն երևույթներին, մասնաճյուղում տոկոս չեն կազմում: Երրորդ հարցը վերաբերում է կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքին: Առկա ուսուցման համակարգում հարցին պատասխանել է 223 ուսանող, որից 191-ը (90%) արդյունավետ է համարել կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքը, իսկ հեռակա ուսուցման համակարգում հարցին պատասխանել է 57 ուսանող, որից 55-ը (97%) նույնպես համարել է արդյունավետ:
Մյուս հարցերը վերաբերում էին ֆակուլտետների, դեկանատների, մասնագիտական ամբիոնների և դասախոսների կողմից կրթության կազմակերպման և իրականացման աշխատանքների գնահատմանը:
Հարցման արդյունքներն ուղարկվել են ֆակուլտետներ և մասնագիտական ամբիոններ՝ նիստերում քննարկելու, արտահայտված կարծիք-առաջարկների, խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ ներկայացնելու նպատակով:
Ըստ վերջին հարցի շուրջ անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների (միաձայն՝ 29 կողմ ձայնով)՝ որոշվեց դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորել Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ա. Ազատյանին, միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ: