- Main
- ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Ֆրանսիայում
2023թ. մարտի 28-ից Ֆրանկոֆոնիայի և քույր քաղաքների բարեկամության շրջանակներում Վալանսի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վալանսի մասնաճյուղի հրավերով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հինգ ուսանողուհիներ դասախոսի ուղեկցությամբ երերքշաբաթյա այցով մեկնեցին Վալանս՝ կատարելագործելու մասնագիտական գիտելիքները և բանավոր խոսքը՝ մասնակցելով դասընթացների և հանդիպումների, կատարելով ճանաչողական այցեր:
Մարտի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունն այցելեց Գրենոբլի համալսարանի Վալանսի մասնաճյուղ, ծանոթացավ համալսարանի կառուցվածքին, կրթական ծրագրերին և մասնագիտություններին, լսեց Ն.Պիքեյի դասախոսությունը՝ «Ֆրանսիան որպես աշխարհիկ երկիր» թեմայով: Ըստ մշակված ծրագրի՝ խումբը նաև կմասնակցի թարգմանչական դասընթացների (ֆրանսերեն-անգլերեն, անգլերեն- ֆրանսերեն):
Մարտի 29-ից մինչև ապրիլի 5-ը մեր ուսանողները հաճախել են Վալանսի Կամիյ Վեղնե պետական լիցեյ, որը, լինելով կրթական մեծ համալիր, ընդգրկում է քոլեջ, լիցեյ և իրականացնում է նախապատրաստական երկամյա դասընթացներ՝ բարձրագույն դպրոցներ ընդունվելու համար: Ուսանողները մասնակցել են նախապատրաստական 1-ին և 2-րդ կուրսերի դասընթացներին (փիլիսոփայություն, աշխարհաքաղաքական պատմություն, ընդհանուր մշակույթ, անգլերեն և այլն): Մարզում այս լիցեյն առանձնանում է նրանով, որ այլ օտար լեզուներին զուգահեռ (անգլերեն, իտալերեն, գերմաներեն) առաջարկում է հայերենի և ռուսերենի ուսուցում: Մասնագիտություններից կարելի է նշել հետևյալները՝ արվեստ, սպորտ, եվրոպագիտություն, կինո, տնտեսագիտություն, անտիկ մշակույթ, ծրագրավորում և թվային տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և այլն:
ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը կատարել է նաև ճանաչողական այցեր, մասնավորապես՝ այցելել է Մարսել և Վալանսից հարավ գտնվող Գրիյանի դղյակ, որը հիշատակվում է 11-րդ դարից, և որտեղ 17-րդ դարում բնակվել ու իր հայտնի նամակներն է գրել մարքիզուհի դը Սևինյանը:
Ուսանողներն այցելել են նաև Վալանսի «Դոֆինե Լիբեղե» թերթի խմբագրություն, «Ռադիո Բլյո Դռոմ-Առդեշ» ռադիոտուն:
Ապրիլի 3-ին մասնաճյուղի պատվիրակությունը հյուրընկալվել և ջերմ ընդունելության է արժանացել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վալանսի մասնաճյուղում: Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի նախագահ Կևին Մարգարյանը, միության անդամները, հյուընկալող ընտալիքները, հովանավորները: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ֆրանս-հայկական դարավոր բարեկամության, Իջևան-Վալանս համագործակցության, ուսանողների փոխանակման ծրագրերի շուրջ քննարկումներով: