- Main
- «Ուսանողների գիտահետազոտական աշխատանքի հիմնական սկզբունքները» թեմայով սեմինար
2022թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ «Ուսանողների գիտահետազոտական աշխատանքի հիմնական սկզբունքները» թեմայով սեմինար, որին մասնակցում էին «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության II-IV կուրսերի ուսանողները: Այն վարում էր ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը:
Սեմինարավարը համատեղեց ավանդական կրթությունը, առցանց հարթակներն ու կարիերայի կենտրոնները: «Ավանդական մոտեցումից մենք վերցնում ենք ակադեմիական մոտեցումը, հարթակներից վերցնում ենք ճկունությունը և անդրսահմանայնությունը (трансграничность), կարիերայի կենտրոններից՝ վստահությունը ուսանողների հաջողության նկատմամբ: Ներկայումս համալսարանի հիմնական նպատակն է բազմակողմանիորեն զարգացած անհատականության, գիտական լայն հայացքներով, ընդհանուր մշակութային հետաքրքրություններով և ստեղծագործական ներուժով անձի ձևավորումը, որն ունակ է ինքնաիրացվել գործունեության բոլոր և մասնավորապես՝ հումանիտար առարկաների ոլորտում», - իր խոսքում ընդգծեց պրոֆեսոր Մինասյանը:
Ներկայացվեց, որ ուսուցման ներկա փուլում հումանիտար գիտությունների ուսանողների որոնողական և հետազոտական գործունեությունը պետք է դիտարկել որպես կրթական գործընթացում լայնորեն կիրառվող նորարարական կրթական տեխնոլոգիա: Խնդիրը սերտորեն կապված է մանկավարժական իրավիճակի վերլուծության և ուսումնասիրության հետ: Որոշ դեպքերում կրթական հետազոտությունը սկսվում է խնդրից, իսկ որոշ դեպքերում խնդիրն առաջանում է ինչ-որ օբյեկտի դիտարկումների արդյունքում: Հետևաբար, որոնողահետազոտական աշխատանքի փուլում անհրաժեշտ է ուսանողներին դնել այնպիսի դժվարության առաջ, որի հաղթահարումը կակտիվացնի նրանց մտավոր գործունեությունը, ուսանողների առաջ կբացահայտի հակասությունները ծագած ճանաչողական կարիքի և այդ կարիքը առկա գիտելիքների, կարողությունների և հմտությունների միջոցով բավարարելու անհնարինության միջև:
Նշվեց, որ հումանիտար ուղղվածությամբ ուսանողների գիտահետազոտական գործունեության կազմակերպման ընթացքում որոշակի դժվարություն են ներկայացնում նրանց կողմից ուսումնամեթոդական գրականության ճիշտ վերլուծությունը, ավանդական մեթոդների և հնարների կիրառման վրա հիմնված տեսական մասի կառուցումը, պրակտիկ մանկավարժների փորձի ուսումնասիրումը, փորձարարական-մեթոդական ցուցումների մշակումը և փորձարկումը:
Այդ դժվարություններին իհարկե հնարավոր չէ անդրադառնալ մեկ սեմինարի շրջանակներում: Հետևաբար, սեմինարի ծրագրում ներառված էին խնդիրներ, որոնք թույլ էին տալիս որոշել կրթական հետազոտությունների օգտագործման հիմնական ուղղությունները և նշանակությունը, թե ինչպես ճիշտ ձևակերպել թեման, նպատակները, խնդիրները, հետազոտության օբյեկտը և առարկան, վարկածը, ինչպես որոշել աշխատանքի բովանդակությունը և մեթոդները, պլանի համաձայն՝ անցկացնել փորձ: Այս ամենը կհանգեցնի համեմատելու, համադրելու, հակադրելու, ընդհանրացնելու և անհրաժեշտ եզրակացություններ անելու ունակությունների ձևավորմանը:
Սեմինարի ընթացքում Ս.Մինասյանն անդրադարձավ նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ խնդրի ձևակերպումը (այն հարցերի նախանշումը, որոնք պետք է դիտարկվեն ուսումնասիրության ընթացքում), վարկածի առաջքաշումը (որոշակի ենթադրությունների շարադրում, հիմնավորում ուսումնասիրության ընթացքում), վարկածի ապացույցը կամ հերքումը, փորձարարական պլանի մշակումը: Որպես օրինակ՝ դիտարկվեցին ԱՊՀ երկրների ուսանողների ուսումնասիրությունները, դրանք համեմատվեցին բերված օրինակների հետ, և ամփոփվեցին դիտարկված նյութերը:
«Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին ուղեղային գրոհի (մտագրոհի) մեթոդի քննարկմանը:
Գիտական սեմինարի կազմակերպումը շատ կարևոր էր գիտահետազոտական աշխատանքներում ուսանողներին ներգրավելու, նրանց մեջ նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, ստեղծագործական և վերլուծական մտածողություն ձևավորելու առումներով: