- Main
- Պատվոգրեր և հավաստագրեր՝ ուսանողների տոնի առթիվ
ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ «Ուսանողության միջազգային օր. տոնի պատմությունն ու ավանդույթը» թեմայով միջոցառում` «Ռուսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դասախոսներ բ.գ.թ., դոցենտ Մ.Զուրաբյանը, ասիստենտ Ե.Պետրոսյանը և ուսանողներ:
Մ.Զուրաբյանը ներկայացրեց տոնի նախապատմությունը, թե ինչպես դեռևս 1939 թվականին՝ հոկտեմբերի 28-ին, Պրահայում տեղի է ունեցել ցույց՝ ի պատիվ Չեխոսլովակիայի պետության կազմավորման տասնամյակի: Դրան մասնակցել են Պրահայի համալսարանների ուսանողներ: Այդ ժամանակ Չեխոսլովակիան արդեն օկուպացված էր գերմանական զորքերի կողմից: Ցույցը ցրելու ժամանակ գնդակահարվեց ուսանող Յան Օպլետալը: Հուղարկավորության օրը ուսանողներն ու համալսարանի դասախոսները վերածեցին զանգվածային ակցիայի՝ ընդդեմ այս դաժան սպանության: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվեցին և գնդակահարվեցին: Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:
Միջոցառման հանդիսավոր հատվածում Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Կ.Պողոսյանը շնորհավորեց ուսանողներին տոնի առթիվ՝ մաղթելով նրանց անմոռանալի իրադարձություններով ու հիմնարար գիտելիքներով հագեցած վառ և դրական ուսանողական կյանք:
Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի գրողների միության անդամ, միջազգային գրական մրցույթների դափնեկիր, Երևանի Ռուսական տան ազգագրական նախագծերի համակարգման առաջատար մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանն էլ ուսանողների համար կարդաց հեղինակային բանաստեղծություններ:
Ուսանողուհի Մարիամ Դարբինյանը ևս հանդես եկավ հեղինակային ոգեշունչ բանաստեղծությամբ:
Միջոցառման ընթացքում տիրում էր բարձր տրամադրություն, ուսանողները ստացան նվերներ, պատվոգրեր, իսկ Մեծ ազգագրական թելադրության մասնակիցները՝ հավաստագրեր: