Օրերս Այովայի համալսարանից Ջոն Քոելեն այցելեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ հետագա համատեղ աշխատանքի համար մոտիկից ծանոթանալու բուհի ղեկավարությանն ու համալսարանի բուն հնարավորություններին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր՝ բուհի կառուցվածքի, ֆակուլտետների, ծրագրերի, մասնագիտությունների, կրթության հեռանկարների և Հայաստանի մասին տպավորությունների վերաբերյալ:

Ջոն Քոելեի համար սա առաջին ուղևորությունն էր Հայաստան: Եվ ինչպես ինքն է նշում, Հայաստան ժամանելու հաջորդ օրը եղել է Իջևանում՝ պատրաստ տեսնելու և ծանոթանալու համալսարանի աշխատանքներին:

Հյուրը Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ս.Մինասյանի, դասախոս Ա.Պարոնյանի, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հ.Վանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց մասնաճյուղում, ծանոթացավ բուհի վարչական ստորաբաժանումների, մասնաճյուղում գործող կենտրոնների («Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն», ռուսաց լեզվի, անգլերենի և այլն), ֆակուլտետների, գրադարանի, մարզադահլիճի գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին և հնարավորություններին:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը խմբին ուղեկցեց արվեստանոցներ, հնարավորություն տվեց ներկա գտնվելու քննական գործընթացին, ծանոթացրեց ուսանողների ընթացիկ և շրջանավարտների կատարած աշխատանքներին, որոնք Քոելեին մեծապես տպավորեցին:

Ջոն Քոելեի հետ զրույցում Ս. Մ. Մինասյանը նրա ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ոչ միայն այն վայրն է, որտեղ մարդիկ գալիս են սովորելու, որտեղ կա յուրահատուկ մթնոլորտ և գեղեցիկ բնություն, այլև այն վայրն է, որտեղ կարող ես հանգիստ քննարկել բոլոր գաղափարները և ինքնադրսևորվել:

Իր հերթին Ջոն Քոելեն՝ որպես մարքեթոլոգ, իր վերաբերմունքն է արտահայտել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նկատմամբ՝ մասնավորապես նշելով.

«Համալսարանը գտնվում է հովտում, որը շրջապատված է սքանչելի կանաչ լեռներով: Համալսարանում շրջելու ընթացքում հանդիպել եմ հյուրընկալության և անսովոր բարի ու առատաձեռն աշխատակիցների: Քանի որ արդեն ամառ է, ուսանողների մեծ մասը համալսարանում չի գտնվում, իսկ մի քանիսն էլ հանձնում էին իրենց վերջնական քննությունները: Շրջել եմ նաև արվեստի բաժնում և իսկապես տպավորված եմ արվեստի տարբերով ոճերով և ստեղծման մեթոդներով: Հատկապես հիացած եմ հայկական ավանդական մշակույթի տեսարաններով և խորհրդանիշներով: Շրջայցս շարունակվեց օտար լեզուների բաժնում, որը հարուստ է և՛ անգլերենի ռեսուրսներով, և՛ անգլերենը համալսարանից ու Հայաստանից դուրս օգտագործելու հնարավորություններով: Այցելությանս ընթացքում ես տպավորված եմ ինձ ցույց տրված բարությամբ և առատաձեռնությամբ: Դասախոսները հյուրընկալ էին, էներգիայով լի և ոգևորված՝ ընդլայնելու ուսանողների հնարավորությունները ցանկացած ճանապարհով: Ինձ դուր եկավ իմ այցելությունը, և շատ շնորհակալ եմ, որ կարողացա ուսումնասիրել համալսարանը»:

Երկու համալսարանների ներկայացուցիչներն էլ ակնկալում են, որ հետագա համագործակցությունը կլինի շատ ավելի արդյունավետ:

Spread the article
©2024 All rights reserved.