- Main
- Սիրով շնորհավորում ենք միջազգային գիտագործնական գիտաժողովում մրցանակային տեղեր գրաված մեր ուսանողներին
2022թ. ապրիլի 28-30-ը Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանում տեղի ունեցավ «Լեզուն մասնագիտական հաղորդակցության ոլորտում» XXIV միջազգային գիտագործնական գիտաժողովը ասպիրանտների և ուսանողների համար: Աշխատանքային լեզուներն էին անգլերենը, ռուսերենը, գերմաներենը և ֆրանսերենը:
Միջոցառումն անցկացվել է երկու փուլով՝ գիտագործնական հոդվածների ընտրություն, որոնք ընդգրկվել էին “Российский индекс научного цитирования (РИНЦ)” ռուսական գիտական ինդեքսավորման բազայում, և մրցույթ «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» անվանակարգում, ներկայացում (պրեզենտացիա):
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը միջազգային գիտաժողովում հանդես են եկել գիտահետազոտական նախագծերով, որոնց գիտական ղեկավարն էր ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը:
Մեր ուսանողուհիները մրցույթում հավաքել են ամենաշատ միավորները և ստացել դիպլոմներ:
Նազելի Եսայանը «Լավագույն տեսական հետազոտություն» անվանակարգում ստացել է դիպլոմ «Մանկավարժական էթիկա. էությունը և նշանակությունը» գիտահետազոտական նախագծի համար:
Մարիամ Դարբինյանը «Լավագույն գործնական հետազոտություն» անվանակարգում դիպլոմ է ստացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետությունը ուսումնական գործընթացում» գիտահետազոտական նախագծի համար:
ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողուհիներ Նազելի Եսայանին և Մարիամ Դարբինյանին՝ միջազգային հարթակում իրենց ելույթներով առաջին և երկրորդ տեղերը գրավելու կապակցությամբ, մաղթում ենք նրանց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, շնորհակալություն ենք հայտնում գիտական ղեկավար Սվետլանա Մինասյանին՝ նվիրված և հետևողական աշխատանքի համար:
Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր ուսանողների, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների բարելավումը, որակյալ մասնագետների պատրաստման որակի բարձրացումը, օտար լեզուների և գիտահետազոտական գործունեության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը:
Այն ուղղված էր գիտելիքի տարբեր ոլորտներում ռուսաստանյան և արտասահմանյան բուհերի ուսանողների, բակալավրիատի և ասպիրանտների՝ օտար լեզուներով գիտահետազոտական աշխատանքում ձեռքբերումների փոխանակմանը:
Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանի և արտասահմանյան կրթական ու գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ և երիտասարդ գիտնականներ, ովքեր հետաքրքրված էին համալսարաններում օտար լեզուներով հետազոտական աշխատանքում նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ: