2022թ. ապրիլի 16-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Իջևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն.Ղազարյանի ուղեկցությամբ:

Այցելության նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործու­նեությանը, համալսարանական միջավայրին, աշակերտների հետաքրքրություններին համապատասխանող կրթական ծրագրերին, դասընթացներին, բուհում ընթացող գործընթացներին:

Շրջագայելով համալսարանում՝ նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնաճյուղի գործուն­եությանը, մասնավորապես՝ Կիրառական արվեստի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետ­ներին: Դեկանների և դասախոսների հետ շփումների ընթաց­քում դպրոցականները ստացան գործնական խորհուրդներ ու տեղեկատվություն իրենց նախընտրելի մասնագիտությունների, մասնաճյուղի հնարավո­րությունների, ընդունելության գործընթացի, ինչպես նաև ուսանո­ղական առօրյայի վերաբերյալ:

Համալսարանի դասերին ունեցած մասնակցությունը ապագա ուսանողների համար հնարավորություն էր հասկանալու դպրոցում և համալսարանում կրթության կազմակերպման տարբերություններն ու առանձնահատկությունները:

Այցելության ծրագրի մաս էր կազմում դպրոցականներին ծանոթացնելը մասնաճյուղում գործող կենտրոնների գործունեությանը: Հանդիպում-քննարկումներ իրականացվեցին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում: Աշակերտները աշխատակիցներից ստացան անհրաժեշտ տեղեկատվություն կենտրոնների կողմից կազմակերպվող աշխատանքների, հասարակությանն առաջարկվող ծրագրերի մասին:

Լուսանկարներ
Spread the article
©2024 All rights reserved.