- Main
- «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլիները մասնաճյուղում
2022թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տոնական տրամադրություն էր տիրում: Մասնաճյուղ էր այցելել «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ պարոն Ջոս Միլիները:
Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող բոլոր 12 ուսանողներին, ինչպես նաև անվճար համակարգում սովորող 3-րդ կուրսեցիներ Լ.Շախպարյանին և Ն.Գասպարյանին կրթաթոշակ հանձնելն էր:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ համագործակցության հեռանկարները:
Այնուհետև տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու, ասիստենտ Ա.Մարդանյանը, տվյալ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Լ.Շախպարյանը և Ն.Գասպարյանը:
Միջոցառումը, որին մասնակցում էին 1-ից 4-րդ կուրսի բոլոր ուսանողուհիները, ուներ «Ես ոչ մի կաթիլ ֆրանսիացու արյուն չունեմ, բայց Ֆրանսիան հոսում է իմ երակներում» խորագիրը:
Մասնակիցներն աչքի ընկան գեղեցիկ ասմունքով, ֆրանսիական երգերի արտահայտիչ կատարումով:
Ներկաների վրա մեծ տպավորություն ունեցան Ա. դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործությունը՝ առաջին կուրսեցիների, Ժ. դը Լաֆոնտենի առակները՝ երրորդ կուրսեցիների ներկայացմամբ:
Ուսանողներն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության նախագահ տիկին Պոլետ Կուտանին՝ երկարատև համագործակցության և իր արմատներին անմնացորդ նվիրվածության համար: Նրանք խոստացան լինել ֆրանսերենի դեսպանները Տավուշի մարզում:
Գեղեցիկ միջոցառման համար ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին և մասնակիցներին, իսկ Ջ.Միլիները, ձևափոխելով միջոցառման խորագիրը, փոխադարձեց. «Ես ոչ մի կաթիլ հայի արյուն չունեմ, բայց Հայաստանը իմ երակներում է»: