- Main
- Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Իդա Բադիրյանի հետ
-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…
-Ընտրելով ԵՊՀ ԻՄ-ը, ուսանող դառնալով՝ ոչ միայն կրթվում և ստանում ես մասնագիտություն, այլև անձդ կատարելագործում ես: Դրան օգնում և նպաստում են համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ իրենց նվիրումով, վերաբերմունքով, դասավանդմամբ և շփման բարձր կուլտուրայով։
-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…
-Համալսարանում ուսումնառությանս այս տարիների ընթացքում ամրապնդեցի իմ այն միտքը, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Եթե երազել ես ընտրածդ մասնագիտության մասին, եթե սիրում ես քո մասնագիտությունը, ապա պետք է պատրաստ լինես հաղթահարելու երազանքիդ ճանապարհին առաջացած բոլոր դժվարությունները՝ գիտակցելով, որ ամեն ինչ քո ձեռքերում է, և անհնարին ոչինչ չկա։
-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…
-Հենց կրթական հաստատության ընտրությունն է համարվում հաջող կարիերայի կառուցման հիմնարար քայլը։ Կարիերայի կառուցումը հնարավոր է մեր անձնական ցանկությունները կյանքի կոչելու, ինչպես նաև որոշակի փուլեր իրագործելու միջոցով։ Կարծում եմ՝ ես արդեն իսկ դրել եմ իմ մասնագիտական կարիերայի հիմքը։ Առաջին կուրսում լսելով Ուսանողական խորհրդի գործունեության մասին՝ դարձա նրա ակտիվ անդամը, այնուհետև ընտրվեցի ռազմահայրենասիրական ակումբի փոխնախագահ, իսկ հետո՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի փոխնախագահ։ Եվ երկրորդ կուրսում արդեն իսկ ՈՒԽ-ի իրավական և ֆինանսատնտեսական հարցերի գծով պատասխանատուն եմ։ Ամեն դեպքում կարիերա ձեռք բերելու հաջողության մեծ մասը կախված է հենց մեր ցանկությունից։
-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…
-Մարդու կյանքում ամենաերիտասարդ ու ամենահետաքրքիր ժամանակաշրջանը ուսանողական տարիներն են։ Տարիներ, երբ ձեռք ես բերում ոչ միայն մասնագիտական բարձրագույն կրթություն, այլև նոր ընկերներ, նոր ծանոթություններ։ Եվ սկսում ես ինքնուրույն մտածել ու քայլեր անել դեպի ապագան։ Թե ինչպիսին կլինեն մեր այս տարիները, կախված է առաջին հերթին հենց մեզնից`ուսանողներիս ակտիվ գործունեությունից և նախաձեռնությունից։
-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…
-Մասնագիտություն ընտրելիս մտածել եմ ընտրել այնպիսինը, որով կարող եմ նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը։ Դա էր պատճառը, որ հենց Տնտեսագիտության ֆակուլտետն ընտրեցի, որպեսզի ավելի խորը ուսումնասիրեմ մարդկանց միջև կենսական բարիքների արտադրության բաշխման, փոխանակության սպառման ընթացքում առաջացած տնտեսական հարաբերությունները։
-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…
-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողի ապագայի հիմքն է դնում և հնարավորություն է ընձեռում մասնագիտություն ստանալ, դառնալ կիրթ և զարգացած, ինչպես նաև դաստիարակվել մարդկանց օգնելու և վերջին հաշվով հայրենիքը քո ներկայությամբ ավելի լավը դարձնելու ոգով: