- Main
- «Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց
2022թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում կայացավ «Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով 4 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել էր Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:
Դասընթացը վարում էր Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Լևոն Սահակյանը, այն նախատեսված էր ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի ու հաշվապահության աշխատակիցների, ֆակուլտետների դեկանների համար:
Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին գործատուի ներքին իրավական ակտերը, որով սահմանվում են ՀՀ իրավական ակտերի տեսակները և ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման, պարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը:
Լ.Սահակյանն անդրադարձավ աշխատողների հետ կնքվող պայմանագրերի տեսակներին (անորոշ և որոշակի ժամկետներով), աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններին:
Մասնավորապես նշվեց, որ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
Տրվեց աշխատանքային հարաբերությունների սահմանումը. դրանք ներկայացվեցին որպես աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ, ըստ որոնց` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
Դասընթացն անցավ ակտիվ հարց ու պատասխանների, քննարկումների միջոցով. մասնակիցները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: