- Main
- Համալսարանականները ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցեցին «Առաջնորդություն և ստրատեգիա» թեմայով դասախոսությանը
2021թ. սեպտեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողները ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, փոխտնօրեն Մ.Օթարյանի, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի, բուհի վարչական ու պրոֆեսորադասախոական մի խումբ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:
Այցելության նպատակն էր ներկա գտնվել դանիացի աշխարհահռչակ գործարար, հանրային խոսնակ, դասախոս, հայտնի «Unboss» գրքի հեղինակ Լարս Կոլինդի հետ հանդիպմանը և մասնակցել նրա կողմից անցկացվող «Առաջնորդություն և ստրատեգիա» թեմայով դասախոսությանը:
Լարս Կոլինդը Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության բարձրագույն միջազգային պարգևի դափնեկիր է, Դաննեբրոգի շքաքնշանի ասպետ և Դանիայի տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ:
«Առաջնորդություն և ստրատեգիա» խորագրով դասախոսության ընթացքում պարոն Կոլինդը խոսեց իր երկրի՝ Դանիայի տնտեսական ենթակառուցվածքների, գործարար միջավայրի, կառավարման ձևերի և բազմաթիվ այլ առանձնահատկությունների մասին՝ միաժամանակ արտահայտելով իր տեսակետը Հայաստանում դանիական և միջազգային փորձի տեղայնացման մասին:
Նա բացահայտեց հաջողակ լինելու իր բանաձևը, որը ենթադրում էր մեծ աշխատասիրություն և պատասխանատվություն, խոսեց ոչ միայն իր հաջողությունների, այլև ձախողումների մասին:
Բանախոսը ներկայացրեց կառավարման ոլորտում առաջնորդի դերի և օպտիմալ կառավարման մի շարք սկզբունքների մասին:
Հանդիպման վերջում մասնակիցները պարոն Կոլինդից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: