- Main
- Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2021թ. մայիսի 18-ին պաշտոնական այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նախ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Հայկ Ղալումյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, գյուղատնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Մարզպետարանում կայացած ընդունելությունից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
Մասնաճյուղում կայացած հանդիպման ընթացքում տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը համառոտ ներկայացրեց բուհի պատմությունը, կառուցվածքը, իրականացվող մասնագիտությունները և մասնաճյուղի շրջանավարտների կարևոր դերը տարածաշրջանի զարգացման գործում: Նշվեց նաև ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության մասին, որի շնորհիվ մասնաճյուղում հիմնադրվել է երկու կենտրոն՝ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտման, Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգտագործել Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներուժը, որի հետ մասնաճյուղն ունի համագործակցության հուշագիր՝ բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ռուսական բուհերի հետ համագործակցության խորացման ուղղությամբ:
Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյողում գործող Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն, որտեղ պարբերաբար իրականացվում են ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող հոբելյանական ու հիշատակի միջոցառումներ, գիտական ընթերցումներ, ցուցադրություններ և այլն:
Հանդիպման վերջում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը ստացավ նվեր: