2021թ. մայիսի 15-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 9 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

ԵՊՀ ԻՄ-ը, ելնելով համավարակի տարածման կանխարգելումից և հետևելով Մայր բուհի օրինակին, 2021թ. ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն իրականացրել է գլխավորապես առցանց եղանակով, իսկ պաշտպանությունները նախատեսել է կազմակերպել առցանց և առկա (հակահամաճարակային կանոնները պահպանելով) ձևերի համադրությամբ:

Ընդ որում՝ տեղում չգտնվող ղեկավարները, գրախոսները, ամբիոնի դասախոսները միասնական Zoom հարթակի միջոցով հնարավորություն ունեն մասնակցելու առկա եղանակով կազմակերպվող պաշտպանությանը:

Վարչական համապատասխան ստորաբաժանումների (ՈՒՄՎ, ֆակուլտետներ) ղեկավարների հավաստմամբ՝ պաշտպանությունները կանցկացվեն հաստատված ժամանակացույցների համաձայն, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների, ուսանողների ու ավարտական աշխատանքների ղեկավարների պատասխանատու մոտեցմամբ:

2021թ. մայիսի 15-ին մեկնարկեց «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Սամվել Անդրանիկի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ համավարակի պայմաններում ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն ու մասնագիտական ամբիոնը պատշաճ ձևով և բարձր մակարդակով էին կազմակերպել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Պահպանված էին ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավ­ման ուղղութ­յամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքներում շրջանառվի առավել ընդգրկուն գրականություն:

Մայիսի 18-ին կկայանա «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը, մայիսի 20-21-ին՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», մայիսի 22-ին՝ «Օտար լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտությունների պաշտպանությունները:

Մայիսի 29-ին տեղի կունենան «Աշխարհագրություն», «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: 

Բակալավրի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄ-ի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Պատմություն» մասնագիտության մեր շրջանավարտներին, նրանց մաղթում անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ, նպատակների իրականացում, ամենայն բարիք, ավարտական կուրսերի մեր մյուս ուսանողներին ցանկանում ենք ամփոփիչ ատեստավորման հաջող ընթացք:

Լուսանկարներ
Spread the article
©2024 All rights reserved.