- Main
- Մասնաճյուղում մեկնարկել է «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաները դասավանդող ուսուցիչների անվճար վերապատրաստումների շարքը
2021թ. ապրիլի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց «Աշխարհագրություն» և «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաները դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվող անվճար վերապատրաստումների շարքը՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ:
Առաջին սեմինարը, որը նվիրված էր Հանրակրթության պետական չափորոշչին և սպասվող փոփոխություններին, վարեց «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին Տավուշի մարզի դպրոցների 2 տասնյակ ուսուցիչներ:
Սեմինարավարը ներկայացրեց Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը: Նա մասնավորապես նշեց, որ տվյալ չափորոշիչը ներառում է կրթական քաղաքականության հիմնական դրույթները, ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ):
Պարոն Հովհաննիսյանը նաև խոսեց «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի պետական չափորոշչի մասին՝ միաժամանակ ներկայացնելով աշխարհագրության դասընթացների՝ հանրակրթական պետական առարկայական օրինակելի ծրագրի համար առաջարկվող կառուցվածքը:
Սեմինարի մասնակիցները գոհունակություն հայտնեցին վերապատրաստման կազմակերպիչներին և սեմինարավարին՝ բովանդակալից և պատշաճ կարգով կազմակերպված սեմինարի, նյութը մատչելի կերպով մատուցելու համար, ընդգծեցին նմանատիպ միջոցառումների, ուսուցիչներին մեթոդական աջակցություն տրամադրելու կարևորությունը: