Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (ի դեմս ղեկավար Սուրեն Թովմասյանի) միջև կնքվել է ուսանողների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացն իրականացնելու մասին համագործակցության հուշագիր:
Կնքված հուշագրի նպատակն է ապահովել Կոմիտեում Համալսարանի ուսանողների (այսուհետ՝ պրակտիկանտներ) վերապատրաստումը և մասնագիտական որակավորման բարձրացումը:
Կողմերը համագործակցության շրջանակներում կիրականացնեն մի շարք միջոցառումներ:
Կոմիտեն՝
- կիրականացնի պրակտիկանտների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացներ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման, դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, անշարժ գույքի գնահատման, դրա հաշվառման (չափագրման), հողաշինարարության, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտներում,
- կկազմակերպի ուսումնական պլաններին համապատասխան գործնական պարապմունքներ Կոմիտեի աշխատակիցների (քաղաքացիական ծառայողների և այլ մասնագետների) և Համալսարանի մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ Կոմիտեի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7),
- կիրականացնի ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ, ինչպես Կոմիտեի վարչական շենքում, այնպես էլ սպասարկման գրասենյակներում ու տարածքային ստորաբաժանումներում (ըստ անհրաժեշտության),
- կկազմակերպի սեմինարներ, դասընթացներ և այլ քննարկումներ,
- կապահովի Կոմիտեի աշխատակիցների մասնակցությունը Համալսարանի բակալավրիատի ավարտական աշխատանքների պատրաստման և գնահատման գործընթացներին:
Համալսարանը՝
- կաջակցի Կոմիտեի կողմից իրականացվող՝ ուսանողների արտադրական պրակտիկայի և ուսումնական դասընթացների կազմակերպմանը,
- կիրականացնի խորհրդատվություն Կոմիտեի աշխատակիցների համար՝ գիտահետազոտական և մասնագիտական գործունեության իրականացման վերաբերյալ,
- օրենսդրությամբ սահմանված կարգով կաջակցի Կոմիտեին՝ համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացում:
Կողմերի փոխհամաձայնությամբ կարող են իրականացվել նաև կնքված հուշագրի նպատակներից բխող այլ միջոցառումներ: