- Main
- Կայացավ տնօրենության հերթական նիստը
2021թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը՝ Ա.Մակարյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
Օրակարգի առաջին հարցի մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ հեռակա ուսուցմամբ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանն իրականացվել է ըստ նախատեսված ժամանակացույցի՝ մարտի 18-30-ը: Քննաշրջանի արդյունքում մասնաճյուղից հեռացման է ներկայացվել 23 ուսանող, որոնցից մեկը քննություններին չմասնակցելու, 22 ուսանող՝ ուսման վճարը չմուծելու և քննություններին չմասնակցելու պատճառով: Մինչև 12 կրեդիտ է կուտակել 45 ուսանող՝ 57 առարկայից:
Որոշվեց՝ ելնելով հեռակա ուսուցմամբ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներից՝ 23 ուսանողի հեռացնել մասնաճյուղից:
Երկրորդ հարցի վերաբերյալ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ավարտական կուրսերի քննաշրջանը և առկա ուսուցման ոչ ավարտական կուրսերի ընթացիկ քննություններն ու ստուգումներն իրականացվում են ըստ հաստատված ժամանակացույցի՝ ապրիլի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունները գլխավորապես իրականացվում են առցանց եղանակով, իսկ որոշ քննություններ, դասախոսների և ուսանողների հետ համաձայնեցված, իրականցվում են առկա տարբերակով՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Առկա եղանակով մասնաճյուղում նախատեսված է իրականացնել 17 քննություն. Բնական գիտությունների ֆակուլտետում՝ 12, Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ 1, Կիրառական արվեստի ֆակուլտետում՝ 1, Տնտեսագիտության ֆակուլտետում՝ 3:
Ուսանողներին նախապես տրամադրվել են առարկայական հարցաշարերը, որոնց հիման վրա կազմվել են տոմսերը և ուղարկվել համապատասխան ամբիոններ: Առցանց տարբերակով իրականացվող քննությունները տեսաձայնագրվում են՝ հետագա խնդիրներից խուսափելու և բացթողումները շտկելու նպատակով: Այս պահին ժամանակացույցի խախտումներ և ուսանողների բողոքներ չեն արձանագրվել: Հեռակա ուսուցմամբ ոչ ավարտական կուրսերի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացիկ քննություններն ու ստուգումներն սկսվելու են ապրիլի 12-ից, իսկ մագիստրատուրայի քննությունները՝ ապրիլի 13-ից:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի և առկա ոչ ավարտական կուրսերի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների անցկացման ընթացքի մասին Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Երրորդ հարցի կապակցությամբ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ ֆակուլտետների դեկանները ՈՒՄՎ են ներկայացրել առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական պլանները՝ մասնագիտությունների ժամանակացույցին համապատասխան: Դրանք Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել և կատարվել են համապատասխան ուղղումներ: Այս պահին արդեն պատրաստ են բոլոր մասնագիտությունների գծով ուսումնական պլանները: Հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ուսումնական պլանը ևս պատրաստ է, առարկայական փոփոխություններ չեն լինելու, որոշակի խնդիր էր առաջացել գործնական ժամերի փոփոխության հարցում, որը գրեթե լուծված է: Այժմ աշխատանքներ են իրականացվում 2021-2022 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանների կազմման ուղղությամբ:
Որոշվեց՝ առկա (2021-2025 թթ.) և հեռակա (2021-2026 թթ.) ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսումնական պլանների կազմման ընթացքի մասին Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Չորրորդ հարցի մասին զեկուցող Վ.Աղաբաբյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժինը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հանդիպումներ է կազմակերպել 5 ավագ, 45 միջնակարգ դպրոցների և 1 վարժարանի 12-րդ դասարանների աշակերտների հետ:
ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ են ունեցել մարզի ավագ դասարանների աշակերտներին ծանոթացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, վերհանելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:
Հանդիպումների ընթացքում աշակերտները ստացել են մարզում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի սերտացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը:
Այս հարցի կապակցությամբ արտահայտվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ դպրոց-համալսարան կապն ամրապնդելու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել ճանաչողական այցեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասախոսություններ ու քննարկումներ: Նման հանդիպումները կարևոր են բուհական քննություններին նախապատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը: Սակայն համավարակի պայմաններում փոխադարձ այցեր իրականացնելը մի քիչ բարդ է:
Որոշվեց՝ դիմորդների հավաքագրման համար տարվող աշխատանքների ընթացքի մասին Վ.Աղաբաբյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Հինգերորդ՝ ընթացիկ հարցի վերաբերյալ զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա, անդրադառնալով ուսման վճարների մուծման դինամիկային, նշեց, որ ընդհանուր առմամբ ուսման վարձերը վճարվում են, սակայն առկա ուսուցման 5 ուսանող դեռևս 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակից ունի ուսման վճարների պարտք:
Որոշվեց՝ հանձնարարել դեկաններին հետևողական լինել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձերի վճարմանը: