- Main
- Կայացավ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց քննարկում
2020թ. նոյեմբերի 7-ին կայացավ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:
Այն վարեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը:
Հանդիպման սկզբում Ա.Մակարյանը հիշեցրեց, որ առաջնորդվելով 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատված «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով»՝ ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական 2-6 դասընթացներում ներմուծվել է կուրսային աշխատանքներին փոխարինող հետազոտական աշխատանք, որի նպատակն է խթանել ուսանողների անհատական և խմբային հետազոտություն կատարելու ունակությունները և նպաստել նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշների վերաբերյալ դասախոսների մոտեցումները և իրականացված աշխատանքները:
Քննարկմանը մասնակցող դասախոսները ներկայացրին, որ ըստ նպատակահարմարության վերանայել են իրենց դասընթացների փաթեթները, մասնավորապես՝ վերջնարդյունքները, հետազոտության թեմաները և առաջադրանքները, ինքնուրույն աշխատանքների շրջանակներում իրականացվող նախագծերը, կիրառվող դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, գրականության ցանկը և այլն։
Առաջարկվեց պարբերական դարձնել հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ նման քննարկումները՝ իրենց առաջարկները, հաջող փորձն ու իրականացված աշխատանքները ներկայացնելու նպատակով: