2020թ. սեպտեմբերի 30-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը՝ մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ Ա.Մակարյանի նախագահությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի` 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ.Աթոյան):
  2. 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա.Դավթյան):
  3. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի՝ 2020-2025 թթ. գիտահետազոտական գործունեության զարգացման հայեցակարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյան):
  4. Ներմասնաճյուղային գիտական դրամաշնորհների տրամադրման կարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյան):
  5. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի քննարկում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյան):
  6. Ընթացիկ հարցեր.

6.1.ԵՊՀ ԻՄ-ում 2019-2020 ուստարվա լրավճարների տրամադրման մասին:

6.2.ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կանոնադրության հաստատում:

Օրակարգի քննարկման ժամանակ եղավ առաջարկ 4-րդ կետի վերաբերյալ. հաշվի առնելով այն փաստը, որ գիտական խորհրդի անդամները, ելնելով ստեղծված իրավիճակից, բավարար չափով չեն կարողացել ուսումնասիրել ներկայացված Ներմասնաճյուղային գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը և այլ բուհերի նմանատիպ գործընթացների օրինակները, չեն արել առաջարկներ փաստաթղթի վերաբերյալ՝ հարցը տեղափոխել հաջորդ նիստի քննարկմանը։ Բացի այդ՝ պայմանավորվեցին, որ գիտական քարտուղար Մ.Աթոյանի հարգելի բացակայության պայմաններում օրակարգի 1-ին և 6-րդ հարցերը կներկայացնի Ա.Մակարյանը:

Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2025 թթ. գիտահետազոտական գործունեության զարգացման հայեցակարգը՝ համաձայն հավելվածների:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ մասնաճյուղի ֆակուլտետներում աշխատանքներ են տարվում նոր մասնագիտությունների և կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ, սակայն առկա լիցենզիաների շրջանակներում առաջարկվում է հայտագրել այն ծրագրերը, որոնք նախորդ տարի հավաքել են առավել մեծ թվով դիմորդներ և հիմա էլ պահանջարկ ունեն հեռակա ուսուցման դիմորդների մոտ: Հնչեց առաջարկ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը ներառելու պարտադիր քննությունների ցանկում 2 աստղանիշով՝ որպես պարտադիր քննություն «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ծրագրերում անվճար տեղերի մրցույթի համար։

Հարցը որոշվեց դնել փակ քվեարկության: Քանի որ ոչ բոլոր մասնակիցները կարող էին այդ պահին առցանց քվեարկել, որոշվեց էլեկտրոնային քվեաթերթը ուղարկել մասնակիցներին և քվեարկությունը կազմակերպել մոտակա օրերի ընթացքում: Արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ առաջարկությունը մերժվել է:

Առաջին ընթացիկ հարցը վերաբերում էր 2019-2020 ուստարում ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին գիտահետազոտական գործունեության որոշ տեսակների կատարման համար լրավճարների տրամադրմանը: Ա.Մակարյանը տեղեկացրեց, որ համապատասխան կարգով նախատեսված է, որ 2020թ. դեկտեմբերին վճարվելու են հավելավճարներ այն հոդվածների համար, որոնք հրապարակվել են 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Որպես տեղեկատվություն նա նշեց, որ այդպիսի աշխատանքների քանակը շատ չէ. մասնաճյուղի 5 աշխատակից ներկայացրել է 5 աշխատանք: Հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

Երկրորդ ընթացիկ հարցի կապակցությամբ Ա.Մակարյանը ներկայացրեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կանոնադրական նպատակը, խնդիրները և գործառույթները, պատասխանեց այլ ստորաբաժանուների հետ բաժնի նախատեսվող համագործակցության վերաբերյալ հարցերին: Քվեարկության արդյունքով որոշվեց բաժնի կանոնադրությունը հաստատել:

Spread the article
©2024 All rights reserved.