- Main
- ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները մասնակցում են հերթական վերապատրաստման դասընթացին
2020թ. հուլիսի 2-15-ը ԵՊՀ ԻՄ-ի շուրջ երկու տասնյակ դասախոսներ մասնակցում են «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում` մոբայլ ուսումնառություն և խաղայնացում» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացին, որը վարում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, փ.գ.թ., ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակակիր Սիլվա Պետրոսյանը:
Erasmus + PRINTeL նախագծի շրջանակներում 2018-2019 թթ. եվրոպական հինգ բուհերում իրականացվել են դասախոսների վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով արդի տեխնոլոգիաները ծառայեցնելու համալսարանական կրթական գործընթացին: Ծրագրում մրցութային կարգով ընդգրկվել է 16 դասախոս ԵՊՀ-ից, ովքեր եվրոպական համալսարաններից վերադառնալուց հետո արդեն իրականացրել են վերապատրաստումներ ԵՊՀ 500-ից ավելի դասախոսների համար: Այդ վերապատրաստումները շարունակվում են, և դրանց մի բաղադրիչը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների այս վերապատրաստումն է:
Դասընթացը (12 ժամ լսարանային աշխատանք և 18 ժամ անհատական աշխատանք /1 ECTS Credit/) անցնում է հետաքրքիր, գործընկերային մթնոլորտում՝ մասնակիցներին և դասընթացավարին տալով մտորելու և ստեղծագործելու նոր լիցքեր:
Սիլվա Պետրոսյանը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին փոխանցում է նորագույն, ինչպես նաև ՏՀՏ-ներով հագեցած ուսումնառության մեթոդների վերաբերյալ իր փորձառությունն ու գիտելիքը՝ կիրառելով նաև Բարսելոնայի և Լյուվենի համալսարաններում վերապատրաստվելու ընթացքում ձեռք բերված նոր մոտեցումները։ Դասընթացի ժամանակ քննարկվում են և՛ առցանց ուսուցման հնարավորությունները, և՛ լսարանում կիրառվող ակտիվ ուսումնառության տեխնոլոգիաներ: Մասնավորապես դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ակտիվ ուսումնառության ու ՏՀՏ-ների կիրառման նորագույն կրթական ռազմավարությունները, հնարավորությունները, մեթոդաբանությունը և մոտեցումները։
Առցանց հանդիպումների ընթացքում սովորական են դարձել համաժամանակյա քվեարկությունները՝ տարբեր ինտերնետային հարթակների օգտագործմամբ (polleverywhere, slido, mentimeter)։ Ուսումնասիրվել են ինֆոգրաֆիկաներ պատրաստելու կայքեր (Canva.com, ThingLink.com), և մասնակից դասախոսները ստեղծել ու ցուցադրել են սեփական ինֆոգրաֆիկաները՝ ելնելով իրենց դասավանդած առարկաների առանձնահատկություններից: Ներկայացվել են ակտիվ ուսումնառության մի շարք մեթոդներ (խճանկար, ֆորում-թատրոն), անցկացվել ու վերլուծվել են դերային խաղեր։
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ուսումնական նպատակներով խաղայնացման տարրերին, մեխանիկային ու դինամիկային, որոնց իմացությունը կարևոր է սեփական խաղայնացված միավորներ մշակելու հմտության զարգացման տեսանկյունից: Դասախոսները կվերլուծեն, թե իրենց դասընթացների, բնագավառների և պայմանների առանձնահատկություններից ելնելով՝ առաջարկվող մեթոդներից որը լավագույնս կաշխատի իրենց լսարանում: Այնուհետև վերապատրաստողի կողմից առաջարկված սխեմայով կփորձեն որևէ դասընթացի կամ դրա մի հատվածի համար մշակել խաղայնացված ուսումնական միավոր, որը պետք է ծառայի ուսանողների կողմից կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը:
Դասախոսներն ակտիվորեն ներգրավվել են վերապատրաստման գործընթացում՝ մասնակցելով հետաքրքիր խմբային աշխատանքների և մրցույթների՝ տարբեր ՏՀՏ միջոցների կիրառմամբ:
Դասընթացի վերջում՝ հուլիսի 15-ին, յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր մշակած խաղայնացված ուսուցողական միավորը՝ «պեչակուչա» ձևաչափով։
Վերապատրաստման դասընթացի մանրամասն ծրագիրը տե՛ս այստեղ:
Դասընթացի մյուս լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: