- Main
- Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական առցանց նիստը
2020թ. մայիսի 26-ին «Zoom» համակարգի միջոցով անցկացվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական առցանց նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:
Նիստում ամփոփվեց հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը, քննարկվեցին առկա և հեռակա ուսուցման՝ 2019-20 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի առցանց կազմակերպման ընթացքին, առկա ուսուցման՝ 2019-20 ուստարվա ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության ընթացքին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
Հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի վերաբերյալ զեկուցեցին Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը և ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը: Նրանք մասնավորապես նշեցին, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանը սկսվել է 2020թ. մարտի 9-ին, սակայն բոլորին հայտնի պատճառներով հետաձգվել է: Լուծարքային շրջանն իրականացվել է մայիսի 4-23-ը ժամանակահատվածում առցանց՝ «Zoom» հարթակում․ 29 ուսանող կուտակել է մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք:
Տվյալ կիսամյակի ուսման վարձը չվճարելու, քննաշրջանում ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու և կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու պատճառներով հեռացման է ներկայացվել 6 ուսանող:
Նիստում որոշվեց հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի արդյունքները գնահատել բավարար, իսկ վերոնշյալ ուսանողներին հեռացնել մասնաճյուղից:
Առկա և հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի առցանց կազմակերպման ընթացքի մասին զեկուցեցին ֆալուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը: Նրանք մասնավորապես նշեցին, որ մինչև 2020թ. մայիսի 20-ը ամբիոնների վարիչները ՈՒՄՎ են ներկայացրել 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասընթացի համար նախատեսված ստուգարքների և քննությունների ձևերը (բանավոր, թեստային, գրավոր)՝ 20 միավորի բաշխվածության մասին դասախոսների հիմնավորումներով: Տվյալ հարցի վերաբերյալ զեկուցողների հաղորդումներն ընդունվեցին ի գիտություն:
Առկա ուսուցման՝ 2019-20 ուստարվա ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության ընթացքի մասին զեկուցեցին ֆալուլտետների դեկանները և ՈՒՄՎ պետը: Նրանք նշեցին, որ 2020թ. մայիսի 16-ից 30-ը միասնական Zoom հարթակում իրականացվում է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Դրանք անցկացվում են սահմանված կարգով՝ համաձայն հաստատված ժամանակացույցների, թե՛ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, թե՛ ուսանողներն ու ղեկավարները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ: Տվյալ հարցի վերաբերյալ զեկուցողների հաղորդումները ևս ընդունվեցին ի գիտություն:
Ընթացիկ հարցերն էին «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների կազմակերպման և ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) հայտարարած դասընթացների կազմակերպման մրցույթին ԵՊՀ ԻՄ-ի մասնակցության մասին հարցերը:
«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների կազմակերպման մասին նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի և FAST հիմնադրամի միջև պայմանավորվածության համաձայն՝ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6-ամսյա անվճար դասընթացները կիրականացվեն մասնաճյուղում։ Դրանք կվարեն մեր դասախոսները՝ նախապես վերապատրաստված «1991 ստորաբաժանման» 4 ծրագրային մոդուլներից մեկով կամ մի քանիսով (մաթեմատիկան տվյալագիտության համար, ծրագրավորում տվյալագիտության համար, մեքենայական ուսուցման դասական մեթոդներ, խորը ուսուցում): Ըստ այդմ՝ Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանին հանձնարարվեց իրականացնել նախապատրաստական աշխատանքներ դասընթացների համար անհրաժեշտ ռեսուրսների և դասախոսական կազմի ապահովման ուղղությամբ:
ՀՀ ԲՏԱՆ հայտարարած դասընթացների կազմակերպման մրցույթին ԵՊՀ ԻՄ-ի մասնակցության հետ կապված՝ մասնաճյուղի գիտական քարտուղարին հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ մրցույթին դիմելու համար: