ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով բոլոր համալսարանականներին:

Սիրելի՛ համալսարանականներ

Այսօր բոլորիս համար շատ կարևոր և տոնական օր է: Երևանի պետական համալսարանը դառնում է 101 տարեկան. տպավորիչ մի ժամանակահատված, որի ընթացքում Մայր բուհը, դիմագրավելով բազում մարտահրավերներ, անցել է փառահեղ ուղի:

1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի համալսարանի հիմնադրումը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը: Իսկ եթե հիշենք, թե ինչ պայմաններում է հիմնադրվել այն, պիտի փաստենք, որ հիմնադիրներն ու առաջին դասախոսները մեծ երազողներ և հայրենասերներ էին:

Հավերժ փառք նրանց, ովքեր նախաձեռնեցին, հիմնեցին և կայացրին հայ ժողովրդի ազգային արժեք Երևանի պետական համալսարանը:

Անգնահատելի է Մայր բուհի դերը վերջին հարյուրամյակում Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի և հասարակական հարաբերությունների առաջընթացում: Լինելով հայկական միջնադարյան համալսարանների լավագույն ավանդույթների ժառանգորդը, կրողն ու դրանք սերունդներին փոխանցողը՝ այն այսօր գործուն մասնակցություն ունի մեր երկրի ապագայի կերտմանը:

Կրթության և գիտության այս տաճարը մեր երկրին տվել է ոչ միայն գիտնականների մի ողջ աստղաբույլ, որոնք մեծ ճանաչում ունեն միջազգային գիտական ասպարեզում, տարբեր բնագավառների բարձրակարգ բազմահազար մասնագետներ, այլև շատ հասարակական- քաղաքական գործիչներ:

Երևանի պետական համալսարանը մեր ազգի հզոր հենասյունն է, որի վրա կառուցվեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը:

Մայր բուհը միշտ էլ պատասխանատվությամբ է կատարել և շարունակում է կատարել իր առաքելությունը՝ սերունդներին բարձրակարգ կրթություն և հոգևոր դաստիարակություն տալու ազգանվեր գործը:

Այս գեղեցիկ տոնի առթիվ ողջունում եմ մեր դասախոսներին, շրջանավարտներին, ուսանողներին՝ Մայր բուհի ապագան կերտողներին, մաղթում առողջություն և նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև առավելագույն ջանքեր և անկոտրում կամք այսօրվա համաճարակային դժվարին պայմաններից ևս հաղթանակած դուրս գալու համար:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար,

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գեղամ Գևորգյան

Աղբյուրը՝ ysu.am

Spread the article
©2024 All rights reserved.