- Main
- Շնորհավո՛ր մայիսի 9-ը՝ մեր հաղթանակների օրը
Այսօր՝ 2020թ. մայիսի 9-ին, տոն է, եռատոն՝ հայ ժողովրդի համար. մայիսի 9-ը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրն է…
Շնորհավո՜ր, բազմատոնդ, «Իմ քաղցրանու՜ն, իմ բարձրանո՜ւն, իմ տառապա՜ծ, իմ փառապա՜նծ, …միշտ հին ու նոր իմ Հայաստա՜ն»:
Փառք ու պատիվ և խորին խոնարհում մեր հին ու նոր հաղթանակների բոլոր կերտողներին՝ Երկրորդ աշխարհամարտի, Հայրենական մեծ պատերազմի, Արցախի ազատամարտի խիզախ հերոսներին…
2020թ. մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի զավթիչների դեմ Խորհրդային Միության ժողովուրդների մղած ծանրագույն պատերազմում անասելի զրկանքների ու կորուստների գնով տարած Հաղթանակի՝ հիրավի Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը:
Այդ հաղթանակի կերտման գործում անուրանալի ներդրում ունի հայ ժողովուրդը: Ընդունված տվյալների համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ-ից մասնակցել է շուրջ 600 հազար հայ, ընդ որում՝ մոտ 300 հազարը՝ Հայկական ԽՍՀ-ից, ինչը մեր հանրապետության այն ժամանակվա բնակչության 22 տոկոսն էր կազմում: Պատերազմին մասնակցած հայորդիների գրեթե կեսն էլ կյանքի գնով է կռել հաղթանակը:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով, և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ:
104 (այլ տվյալներով՝ 106) հայ և ՀԽՍՀ ներկայացուցիչ ստացել է ԽՍՀՄ Հերոսի կոչում (Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոսի կոչում), 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ (հավասարազոր է Հերոսի կոչմանը), իսկ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ մարտիկ:
Գեներալներ, դիվիզիաների, գնդերի, մարտական խոշոր ստորաբաժանումների հրամանատարներ, մարտական սպաներ, ռազմական օդաչուներ ու հարյուր հազարավոր մարտիկներ, այլ խոսքով՝ հայ ժողովրդի զավակներ, սերմնացաններ, որոնք չվերադարձան տուն…
Հայկական 6 դիվիզիաներից միայն մեկն էր մնացել հանրապետությունում՝ սովետա–թուրքական սահմանի պահպանության և Հիտլերի դաշնակից Թուրքիայի ենթադրվող ագրեսիային դիմագրավելու համար:
Մյուս հայկական դիվիզիաները, որոնցից ամենահայտնին համարվում է 89-րդ Թամանյանը, լիարժեք մասնակցել են ՀՄՊ ընթացքին` Կովկասից հասնելով մինչև Բեռլին, Կուրլանդիա, Ավստրիա, մասնակցել Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ազատագրական գործողություններին:
Հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Բուլղարիայում, այլուր, ԽՍՀՄ օկուպացված հատվածում ակտիվ մասնակցել են պարտիզանական պայքարին, դիմադրության շարժմանը, դարձել այդ երկրների ազգային հերոսներ:
ԱՄՆ-ում այդ շրջանում հաստատված մոտ 200 հազար հայերից շուրջ 20 հազարը արդեն ամերիկյան զորքերի կազմում հերոսաբար պայքարել է Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում՝ Պերլ Հարբորում, Իտալիայի ազատագրման համար մղված ճակատամարտերում:
Ըստ ամենայնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած այս հաղթանակը ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, դաշնակից պետությունների, մեր բոլորի հաղթանակն է:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. այդ օրն է ավարտվել Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:
Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին:
Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը:
1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր. 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր, մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի որպես հայոց պատմության փառավոր մի էջի՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:
1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր. Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:
Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվել էր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-ի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք, և թշնամու ձեռքերով ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:
Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին՝ նրան մղելով նոր հաղթանակների:
Հիշենք, որ մայիսի 9-ը նաև Պաշտպանության բանակի (Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ) հիմնադրման օրն է:
Եվս մեկ անգամ շնորհավո՜ր եռատոնդ, հա՛յ ժողովուրդ և փառք ու խոնարհում բոլոր հերոսներին…