2020թ. մայիսի 6-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի էկոնոմիկայի և կառավարման ամբիոնը կազմակերպել էր «Արցախի տնտեսության զարգացման հիմնախնդիրները թեմայով» առցանց կլոր սեղան-քննարկում, որին հրավիրվել էին մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, տ.գ.թ., դոցենտ Կարեն Ներսիսյանը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գայանե Ավետիսյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Միքայելյանը, նույն ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գևորգ Մինասյանը, ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Մանե Հարությունյանը, տ.գ.դ., պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանը, ԱՀ ՍԱ ծառայության ղեկավար Արթուր Ներսիսյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, այլ հրավիրված անձինք:

Քննարկումը վարում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ավարտական կուրսի մագիստրանտ Լիզա Մաթևոսյանը:

Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին աշխարհում համավարակի տարածմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակում Հայաստանի և Արցախի տնտեսության զարգացման հնարավորությունները:

Մասնակիցների կողմից կարևորվեցին գյուղատնտեսության և կրթագիտական ոլորտների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերը: Այդ համատեքստում որպես առաջնահերթություններ առանձնացվեցին տարբեր ստարտափների մշակումը և «բուհ-մասնավոր սեկտոր» գործուն կապերի ստեղծումը, որոնք հնարավորություն կտան առևտրայնացնել գիտակրթական ոլորտի մշակումները:

Քննարկման մասնակիցների շրջանում հետաքրքրություն առաջացրեց մեր դասախոսի՝ տ.գ.թ., ասիստենտ և ՀՀ ԿԲ տնտեսական հետազոտությունների վարչության աշխատակից Գևորգ Մինասյանի ելույթը, որի ընթացքում հիմնականում շոշափվեցին 20-րդ դարի տնտեսական աճի պատմություններին, մոդելներին, արտահանման խթանման քաղաքականությանը, տեխնոլոգիական ոլորտի զարգացումներին, գյուղատնտեսության ինտենսիվացմանը, զարգացող երկրներում ինստիտուտների դերակատարման մեծացմանը, ստանդարտների ներդրման կարևորությանը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին առնչվող հարցեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կլոր սեղանից հետո իրականացնել մասնավոր քննարկումներ, որոնք ուսանողներին հնարավորություն կտան Հայաստանի և Արցախի առաջատար մասնագետների հետ դիտարկելու կոնկրետ խնդիրներ:

Կլոր սեղան-քննարկման մասին տեսանյութը տե՛ս այստեղ:

Spread the article
©2024 All rights reserved.