2020թ․ մայիսի 1-ից ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարի հանձնարարությամբ՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը մասնաճյուղի շուրջ 35 դասախոսների համար իրականացնում է «Ինչպե՞ս օգտագործել Google forms ձևաչափի հնարավորությունները առցանց քննությունների համար» վերապատրաստման հեռավար դասընթացը:

Դասընթացի կազմակերպական աշխատանքներն իրականացրել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն․Ղազարյանը, իսկ այն վարում է ՄԿՈԱ բաժնի վարիչ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը:

Դասընթացի նպատակն է մասնաճյուղի դասախոսներին աջակցել առցանց քննությունների կազմակերպման գործում, ներկայացնել առցանց կրթության պայմաններում ուսանողների ձեռքբերումների ստուգման և քննությունների կազմակերպման ամենատարածված, մատչելի և կիրառելի էլեկտրոնային գործիքներից մեկը՝ “Google forms” ձևաչափը:

Նշված ձևաչափը հնարավորություն է տալիս իրականացնել գիտելիքների ստուգում, ատեստավորում և հարցում: Այն ունի հասկանալի և պարզ ինտերֆեյս, տեքստային խմբագրից թեստի հարցերը պատճենելու հնարավորություն:

Դասընթացի ժամանակ դասախոսներին ներկայացվում են “Google forms” ձևաչափի թեստավորման համակարգի հնարավորությունները: Համապատասխան օրինակների միջոցով ներկայացվում են թեստերի ստեղծման և օգտագործման, դրանց միջոցով ուսանողների ավտոմատ գնահատման, պատասխանների վերահսկման, արդյունքների հասանելիության և դրանց վերաբերյալ անհատական ու խմբային առցանց քննարկման գործիքները: Մանրամասն քննարկվում են հարցերի տեսակները, որոնք կարող են ներառվել թեստերում, և հնարավորությունները, թե ինչպես կարելի է ստանալ արդյունքների վերաբերյալ մանրամասն վիճակագրություն յուրաքանչյուր ուսանողի կամ կուրսի կտրվածքով:

Մասնաճյուղում թեստային քննությունների մշակույթը նորություն չէ: Ընթացիկ քննությունների անցկացման համար տարիներ առաջ ներդրված է եղել թեստային գնահատման համակարգ, որոշ դասախոսներ թեստեր են կիրառել Moodle հարթակում, այսինքն՝ թեստեր կազմելու փորձ դասախոսներն ունեն, իսկ այս դասընթացը նրանց կաջակցի առցանց թեստեր կազմելու գործում:

Դասընթացն առավել արդյունավետ յուրացնելու նպատակով ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի կողմից դասախոսների համար կազմվել և նրանց է տրամադրվել “Google forms” ձևաչափի հետ աշխատելու մեթոդական ուղեցույց և 2 տեսահոլովակ, որոնք հասանելի են հետևյալ հղումներով.


1. https://youtu.be/IHhGcTSQcEc
2. https://youtu.be/Ip79t1CoGuI:

Spread the article
©2024 All rights reserved.