2019թ. նոյեմբերի 23-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ և աշխատակիցներ մասնակցեցին Գյումրիում երրորդ անգամ անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողովին, որը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:

Համաժողովը նպատակ ուներ ՀՀ բոլոր մարզերի երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, ինչպես նաև մասնավոր հատվածի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին մեկ միջավայրում համախմբել, բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների բարձրագույն կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորմանն ուղղված գործընթացները և առկա մարտահրավերները քննարկել, մարզային հաջողված փորձերը ներկայացնել և իրականացնել փորձի փոխանակում` հիմք ընդունելով բարձր տեխնոլոգիաները՝ որպես մարզերի հզորացման երաշխիք:

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2019» համաժողովի առանցքային թեմա էր ընտրվել մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումը՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համաժողովի շրջանակներում իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ մարզերի շուրջ 200 երիտասարդների (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին՝  ԳՏՏԿ-ի Վեբ, Անդրոիդ և Մոբայլ  ծրագրավորման դասընթացի մասնակիցներին):

Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Հակոբ Արշակյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, պետական և մասնավոր սեկտորից տարբեր ներկայացուցիչներ: Այնուհետև տեղի ունեցավ 3 պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝  «Երիտասարդ մասնագետները առաջատար տեխնոլոգիական ընկերություններում՝ հնարավորություններ և մարտահրավերներ», «Բարձր տեխնոլոգիաները մարզերում` առաջնահերթություններ և մարտահրավերներ», «Բարձրագույն կրթությունը որպես մարզերի տեխնոլոգիական զարգացման հիմնական գրավական»: Պաշտոնական հատվածից հետո ֆորումի մասնակիցները ներկա գտնվեցին «Բամբիռ» ռոք խմբի համերգին:

Երկրորդ օրը ուսանողները մասնակցեցին  “Think Tank” ֆորմատով ծրագրի, որի ընթացքում տրվեցին տեխնիկական առաջադրանքներ GG և  Webb Fontaine  ընկերությունների կողմից, որոնք ստացան մասնագիտական լուծումներ: Նրանք մասնակցեցին նաև հետևյալ թեմաներով սեմինար-քննարկումների՝

  • «Գաղափարների փաթեթավորում և վաճառք» (Աշոտ Խուդգարյան),
  • «Արհեստական բանականությունը որպես նորարարության հիմք» (Արեգ Գևորգյան),
  • «Մարքեթինգ ռազմավարություն ստարտափերի համար» (Նանա Մարդոյան),
  • «Դիզայն» (Արա Ասլանյան),
  • «Կանայք բարձր տեխնոլոգիաներում» (Քնարիկ Գրիգորյան),                 
  • «Բիզնես կանվաս» (Փիրուզա Հարությունյան):

Վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Բելլա Հարությունյանը, հավաստագրերը հանձնելով ԳՏՏԿ Տավուշի կրթական ծրագրերի ղեկավար Լիանա Ներսիսյանին, նշեց, որ համագործակցությունը լինելու է շարունակական:

Համաժողովից հետո համալսարանականները շրջեցին Գյումրիում, այցելեցին պատմամշակութային վայրեր, այնուհետև վերադարձան Իջևան՝ փորձի ու գիտելիքների նոր պաշարով:   

Spread the article
©2024 All rights reserved.