- Main
- «ՀԼԳ» կրթական ծրագրի առկա ուսուցման III կուրսի ուսանողներն այցելեցին Գյումրու պատմամշակութային վայրեր ու տուն-թանգարաններ
2019թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առկա ուսուցման III կուրսի ուսանողները 2019-2020 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Գյումրու պատմամշակութային վայրեր ու մի քանի տուն-թանգարաններ: Պրակտիկայի ղեկավարն էր բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանը:
Արտադրական պրակտիկայի հիմնական նպատակն է գործնական աշխատանքների հիման վրա ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդումը, իրենց մասնագիտության բնագավառում գործնական հմտությունների ու կարողությունների, ինքնուրույն մասնագիտական փորձի ձեռքբերումը:
Ուսանողներն այցելեցին մի շարք տուն-թանգարաններ: Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում ուսանողները բացահայտեցին մայրասեր գրողի կյանքի հետաքրքիր, ինչ-որ տեղ` հումորով լի դրվագները: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մասնավորապես ներկայացվեցին Վարպետի անձնական իրերը, անցյալ դարասկզբի հայ օջախին բնորոշ կենցաղային գծերն ու տան կահավորանքի առանձնահատկությունները:
Ուսանողներն ամրապնդեցին իրենց գիտելիքները՝ վերհիշելով գրողների կյանքը, գրական և հասարակական գործունեությունը` չբավարարվելով միայն գրական հանճարների բացահայտումով: Գյումրեցի տաղանդների բացահայտումը շարունակվեց հաջորդ` դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում, որտեղ ներկայացվեց շնորհաշատ դերասանի անձնական կյանքի պատմությունը, ֆիլմերում և թատրոնում կերտված դերերի մասին հետաքրքիր փաստեր: Այցելությունը Գյումրի եզրափակվեց փոքրիկ զբոսանքով, որի ընթացքում ուսանողները տեսան քաղաքի հին ու նոր կառույցները, ֆիլմերից հայտնի բակերն ու պատշգամբները: