- Main
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Գ.Սիմոնյանի, Գ.Փիրումյանի և Լ.Մարգարյանի՝ Մոսկվայի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառում մրցանակի արժանացած անգլերեն գրքի շնորհանդեսը
2019թ. հոկտեմբերի 22-ին մասնաճյուղի գրադարանում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանի, Գևորգ Փիրումյանի և Լիանա Մարգարյանի համահեղինակած «Բնական ջրերի և այլ համակարգերի գեոէկոլոգիական գնահատման ինտեգրալ ինդեքս» (“Geoecological Evaluational Integrating Index of Natural Waters and other Systems”) անգլերեն մենագրության շնորհանդեսը:
Գրքի համահեղինակ Գևորգ Սարգսի Սիմոնյանը Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Ռուսական բնագիտական ակադեմիայի պրոֆեսոր, ԵՊՀ-ի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ:
Գևորգ Պետրոսի Փիրումյանը Ռուսական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ի էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավարը:
Մենագրության համահեղինակ Լիանա Մարգարյանը ԵՊՀ-ի էկոլոգիական անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող է, տեխն. գիտ. դոկտոր, դոցենտ:
Գրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր Երևանից և Իջևանից:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ ողջունելով և շնորհավորելով համահեղինակներին ու շնորհանդեսի մասնակիցներին , ընդհանուր գծերով անդրադառնալով գրքին:
Արժևորման ու գնահատանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը՝ մենագրության լույսընծայման առթիվ շնորհավորելով գրքի համահեղինակներին, ուսանողներին և բոլոր ներկաներին: Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց, որ Գևորգ Փիրումյանի, Գևորգ Սիմոնյանի և Լիանա Մարգարյանի «Բնական ջրերի և այլ համակարգերի գեոէկոլոգիական գնահատման ինտեգրալ ինդեքս» մենագրությունը Ռուսաստանի Բնագիտության ակադեմիայի 75 տաղավարում մասնակցել է 2019թ. սեպտեմբերի 4-8-ը Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում ВДНХ կազմակերպված Մոսկվայի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումին, որի մասնակիցները՝ 33 երկրների ավելի քան 300 ռուս և արտասահմանյան հրատարակիչներ, ներկայացրել են կրթական, գիտական, տեղեկատու և հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական գրականության լավագույն օրինակները: Հնգօրյա ցուցահանդես-տոնավաճառ են այցելել 120 հազար մոսկվացիներ և հյուրեր: «Ի ուրախություն հեղինակների և մեզ՝ բոլորիս, - ընդգծեց Ա. Հ. Մակարյանը, - մենագրությունն արժանացել է ցուցահանդեսի դիպլոմի, իսկ հեղինակային խումբը՝ ի դեմս Գևորգ Սիմոնյանի, պարգևատրվել է ցուցահանդեսի դափնեկրի մեդալով»:
Այնուհետև ելույթ ունեցան գրքի համահեղինակներ Գ.Սիմոնյանը և Գ.Փիրումյանը՝ ներկայացնելով գրքի ստեղծման հանգամանքները, նպատակը, առաջադրված խնդիրները, պատասխանելով շնորհանդեսի մասնակիցների հարցերին:
Մասնավորապես նշվեց, որ մենագրությունն ամփոփում է հեղինակների քսանամյա ուսումնասիրությունը հիդրոքիմիայի, շրջակա միջավայրի քիմիայի և երկրաէկոլոգիայի բնագավառներում: Այն նվիրված է քաղցրահամ ջրի որակի համապարփակ գնահատման և կանխատեսման համար մոդելների ստեղծմանը: Քաղցր ջրի որակի և շրջակա միջավայրի կարգավիճակի համապարփակ գնահատման համար առաջարկվում են նոր եզակի մոդելներ: Մենագրությունը վերլուծում է գիտության մեջ առկա քաղցրահամ ջրի որակի ցուցանիշները և տալիս է հեղինակների կողմից մշակված ջրի որակի ցուցանիշների առավելությունները: Ջրի որակի կանխատեսումները կատարվում են կլիմայի փոփոխության տարբեր սցենարների համար: Առաջարկվել են և շրջանառության մեջ են դրել ջրի որակի 2 նոր ինդեքսներ՝ 1. Ջրի որակի էնտրոպիական ինդեքսը (Geo-ecological evolving organised index GEVORG index) և 2. Ջրի որակի Հայկական ինդեքսը:
ՀՀ-ում ստեղծվել է հիդրոքիմիայի և բնապահպանական քիմիայի մեծ գիտական դպրոց, որը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս: Այդ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են ավելի քան 100 հոդվածներում՝ տպագրված Հայաստանի և արտերկրի գիտական ամսագրերում, ներկայացվել են ավելի քան 30 միջազգային գիտաժողովներում և համաժողովներում: Մշակված ցուցանիշները տարածվում են բոլոր գետերի, լճերի, արհեստական ջրամբարների, ինչպես նաև ստորերկրյա ջրերի վրա:
Վերջին տարիներին հեղինակները կիրառել են իրենց կողմից մշակված ցուցանիշները `տարբեր կենսա և էկոհամակարգերի որակը որոշելու համար: Ձեռք են բերվել գոհացուցիչ արդյունքներ, որոնք արդեն ներդրվել են Ղազախստանի ագրոտեխնիկական համալսարանում` քաղաքային տարածքներում կանաչ տարածքների վիճակի ուսումնասիրման համար` օդի աղտոտվածության, հողի անբարենպաստ քիմիական և ֆիզիկական հատկությունների մշտական բացասական ազդեցությունը որոշելու և գնահատելու համար:
Մշակված ցուցանիշները ներդրվել են նաև «Զելեզնոգորսկու» «Տիեզերական տեխնոլոգիաներ» ընկերությունում՝ նաֆթիդային համակարգերի (բնական գազ, նավթ, հարակից գազ) հասունությունը գնահատելու համար: Ներկայացված է նաև նավթի հայտնաբերման մեթոդ` հիմք ընդունելով մակերևութային ջրերի հիդրոքիմիական վերլուծությունը և վանադիումի քանակությունը:
Գրքի գրախոսներն են Մոլդովայի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Դուկան, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը, Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը:
Մենագրությունն անգլերենով լույս է տեսել Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի և «Լոգոս» հրատարակչության առաջարկով: Գիրքը նախատեսված է հիդրոլոգիայի, հիդրոքիմիայի, էկոլոգիայի, նավթի և մաթեմատիկական մոդելավորման բնագավառի մասնագետների, շրջանավարտների և ուսանողների համար:
Շնորհանդեսի վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: