- Main
- Խաղաղության ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ-ի 100-ամյակին և ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ջանքերով 2018-19 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել էր «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա դասընթացը, որին մասնակցել էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների երկու տասնյակ ուսանողներ: Դասընթացի տեսական մասը վարել է ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, իսկ գործնական մասը՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը։
Դասընթացի վերջում նախատեսված էր իրականացնել երկու փոքրածավալ դրամաշնորհային նախագիծ, որոնցից մեկը «Խաղաղության ծառատունկն էր»:
Սեպտեմբերին ԵՊՀ ԻՄ-ի բակում ծրագրի մասնակիցները տնկեցին փշատերև ծառեր, իսկ վերջում տեղի ունեցավ քննարկում՝ «Սահմանամերձ շրջանի երիտասարդները հանուն խաղաղության» թեմայով:
Քննարկման ընթացքում մասնակիցները վերհանեցին սահմանամերձ համայքների երիտասարդների հիմնախնդիրները, առաջարկեցին երիտասարդական միջավայրի բարելավման իրենց տեսլականը: Որպես առանցքային խնդիր դիտարկվեց անվտանգության ապահովման և սահմանամերձ համայքներում բնակչության կենսամակարդակի բարելավման ուղղությամբ պետական և համայնքային քաղաքականությունը:
2019թ. հոկտեմբերին նախատեսված է իրականացնել «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա երկրորդ դասընթացը, որին կարող են մասնակցել 18-25 տարեկան երիտասարդները: