- Main
- ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար Աննա Ատոյանն անցկացրեց վարպետաց դաս
2019թ. սեպտեմբերի 23-ին «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի շրջանակներում Ուկրաինայից ժամանած հայ նկարչուհի Աննա Ատոյանը ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար անցկացրեց վարպետաց դաս՝ նվիրված բատիկին (կտորը գունավորելու ձեռքի տեխնիկա՝ ռեզերվի կիրառմամբ)։
Վարպետաց դասին ներկա էին «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումի գլխավոր համակարգող, ՀՆՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավար, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը, սիմպոզիումի նկարիչներ, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:
Նկարչուհին դասի ընթացքում ուսանողներին փոխանցեց իր կիրառած տեխնիկայի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ:
Մասնավորապես ներկայացվեց, որ բատիկ (batik) բառը ինդոնեզերենից թարգմանաբար նշանակում է մոմի կաթիլ: Բատիկի տեխնոլոգիան հին ժամանակներից կիրառվել է Ինդոնեզիայի և Հնդկաստանի ժողովուրդների կողմից, Եվրոպայում այն սկսել են կիրառել 20-րդ դարից: Կան բատիկի մի քանի տեսակներ` տաք, սառը և ազատ զարդանկար, որոնք տարբերվում են կտորի ռեզերվացման եղանակով:
Աննա Ատոյանը կիրառեց տաք բատիկի տեխնիկան, որի դեպքում որպես ռեզերվ օգտագործվում են մոմանյութեր: Եղանակը կոչվում է տաք բատիկ, քանի որ մոմանյութը կիրառվում է տաք, հալված վիճակում: Մոմանյութով ծածկված մասերը չեն ներծծում ներկը և սահմանափակում են դրա տարածումը:
Վարպետաց դասի ընթացքում Ատոյանը ոչ միայն պատասխանեց ուսանողների ու դասախոսների հարցերին, այլև նրանց ներգրավեց նկարի ստեղծման գործընթացում:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: