- Main
- Կայացավ «Հակամարտությունների փոխակերպում» հնգօրյա դասընթացը
2018-19 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա դասընթացը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների երկու տասնյակ ուսանողներ:
Դասընթացի տեսական մասը վարեց ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, իսկ գործնական մասը՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը։
Սահմանված օրակարգի համաձայն՝ առաջին հանդիպման ընթացքում անցկացվեց «Ի՞նչ է կոնֆլիկտը» վերնագրով դասը, որի ժամանակ դասընթացավարները խաղի միջոցով ծանոթացան մասնակիցների հետ, լսեցին նրանց տեսակետները և մեկնաբանությունները կոնֆլիկտի մասին, թե ինչից են կոնֆլիկտներն առաջանում, ինչ լուծումներ կարելի է տալ դրանց։ Խաղի միջոցով մասնակիցները բաժանեցին խմբերի, և նրանց տրվեցին հանձնարարություններ։ Դասն ուղեկցվեց ակտիվ քննարկմամբ։
Երկրորդ հանդիպման ժամանակ ներկայացվեց «Ի՞նչ է կոնֆլիկտի փոխակերպումը» թեմայով դասը, որի ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին մեծ ակտիվություն դասի թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներում:
Երրորդ հանդիպման ընթացքում ներկայացվեց «Ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտները» վերնագրով դասը, որի ժամանակ մասնակիցների հետ նաև անցկացվեց նախորդ թեմաների ամփոփում, վերհանվեցին նրանց ակնկալիքներն իրականացվող դասընթացից։
Չորրորդ հանդիպմանը, ըստ սահմանված օրակարգի, անցկացվեց «Ինչպե՞ս հաղորդակցվել կոնֆլիկտների դեպքում» թեմայով դասը, որի ընթացքում տեսական և գործնական աշխատանքների համադրությամբ փորձ կատարվեց առանձնացնել կոնֆլիկտային կողմերի ռազմավարական առանձնահատկությունները։ Դասի վերջում մասնակիցները թեստային աշխատանքի միջոցով և խաղերով փորձեցին բացահայտել կոնֆլիկտային իրավիճակում անձնային և խմբային շահերի դերակատարությունը։
Հինգերորդ հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Ինչպե՞ս արդյունավետ բանակցել» թեման, որի շրջանակներում դասավանողները փորձեցին վերհանել կարևոր բանակցությունների դերակատարությունը հակամարտությունների փոխակերպման գործում, քանի որ հենց բանակցությունների միջոցով է հնարավոր կոնֆլիկտային հարաբերությունները տեղափոխել կառուցողական դաշտ, քննարկել առկա խնդիրներն ու փոխադարձ ընդունելի լուծումները։ Դասի վերջում մասնակիցները կատարեցին թեստային աշխատանք՝ բացահայտելով սեփական բանակցային գիտելիքները։
Դասընթացավարների խոսքով՝ «Հակամարտությունների փոխակերպում» դասընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար նպատակահարմար էր այն համապատասխանեցնել թիրախային խմբին, քանի որ յուրաքանչյուր սոցիալական խումբ ունի կոնֆլիկտային իրավիճակներին համապատասխան առանձնահատկություններ և լուծումներ։ Այս փուլում «Հակամարտությունների փոխակերպում» դասընթացն իրակացվել է ուսանողության մասնակցությամբ, ուստի փորձ է կատարվել այն ուսումնասիրել ուսանողի դիտանկյունից։ Ի դեպ, դասընթացի մասնակիցների թվում եղել են նաև մասնաճյուղի աշխատակիցներ՝ երիտասարդ գիտնականներ, ովքեր իրենց ուսանողների հետ միասին փորձել են մեկ սեղանի շուրջ ակտիվ մասնակցություն ունենալ դասընթացի թե՛ տեսական, թե՛ պրակտիկ մասերին։
Ըստ նրանց՝ ուշագրավ էր դասընթացի գործնական, խմբային աշխատանքների հատվածը, որն առավել ոգևորում և մոտիվացնում էր մասնակիցներին՝ սեփական-անձնային և խմբային տեսանկյունից, անգամ իրենց օրինակով քննարկելու այս կամ այն կոնֆլիկտային իրավիճակը։ Վերջինների գերակշիռ հատվածը սոցիալական և ընտանեկան կոնֆլիկտներին էր վերաբերում, որոնց քննարկմանը մասնակիցները մեծ ակտիվություն էին ցուցաբերում։ Հետաքրքիր էին նաև քաղաքական և կրոնական կոնֆլիկների շուրջ քննարկումները, որոնք տեղայնացվում էին ոչ միայն տարածաշրջանային, այլև ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող քաղաքական և գաղափարական փոփոխությունների շուրջ։
Բավականին արդյունավետ էին թեստային առաջադրանքները, որոնք մասնակիցների մեջ ձևավորեցին իրենց անձի և կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարման մասին նոր մոտեցումներ ու տեսակետներ։
Դասընթացի վերջում մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, և նրանց հնարավորություն տրվեց իրականացնելու երկու դրամաշնորհային ծրագիր, որոնք արդեն ընթացքի մեջ են։
Հավելենք, որ ծրագրի վերջում Կլոր սեղան հիմնադրամի կողմից ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրաբերվեց իրենց կողմից հրատարակված շուրջ 300 միավոր գրականություն, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում հիմնադրամին: