- Main
- «Գրական ընթերցումներ» խորագրով բաց դաս «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսում
2019թ. մայիսի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսում՝ «արտասահմանյան գրականություն» դասընթացի շրջանակներում, կայացավ «Գրական ընթերցումներ» խորագրով բաց դաս, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Քրիստինե Դադյանը:
Դաս-միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Կարինե Պողոսյանը, նույն ֆակուլտետի փոխդեկան, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը, Քրիստինե Դադյանը և ուսանողներ:
Միջոցառման սկզբունքը հետևյալն էր. ուսանողները պետք է ընտրեին ընթերցված հատվածներից իրենց դուր եկածը և նարինջ փոխանցեին այդ հատվածն ընթերցողին: Ով հավաքեր ամենաշատ նարինջը, նա կդառնար հաղթող և կստանար գլխավոր մրցանակը: Բոլորի համար հանելուկ էր, թե ինչու է ընտրությունը կատարվում նարինջներով:
Ուսանողներն ընթերցեցին հատվածներ Հոմերոսի «Ոդիսական» (Լիանա Թումանյան), Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» (Անի), Ֆրիդրիխ Շիլլերի «Դոն Կարլոս» (Մհեր), Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» (Մանե, Լիանա), Ուիլյամ Թեքերեյի «Ունայնության տոնավաճառը» (Սիրանուշ Զաքարյան), Գուստաֆ Ֆլոբերի «Սալամբո» (Լիլիթ), «Տիկին Բովարի» (Քրիստինե), Անտուան դը Սենտ-էքզյուպերիի «Աղոթք: Փոքրիկ քայլերի արվեստը» (Հրանուշ), Անատոլի Լևանդովսկու «Ժաննա դ'Արկ» (Արևիկ) ստեղծագործություններից: Ուշադրության արժանացան Մարիամ Բաբուռյանի (Բալզակ, «Շագրենի կաշին»), Զինա Եգանյանի (ֆլոբեր, «Տիկին Բովարի»), Իննա Մկրտումյանի (Պո, «Կարմիր մահվան դիմակը») ընտրած հատվածները:
Ոգևորիչ էր Վահան Աղաբաբյանի անակնկալ մասնակցությունը. նա ընթերցեց ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Ամաչում եմ» ստեղծագործությունը, իսկ Քրիստինե Դադանը՝ խոստովանական պոեզիայի ներկայացուցիչ Էնն Սեքսթընի «Սիրեկանիս, որը վերադառնում է իր կնոջ մոտ» բանաստեղծությունը՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ:
Եկավ ամենահաճելի պահը՝ ընտրություն նարինջներով, որին մասնակցեցին նաև մեր հյուրերը:
Հաղթեց Անի Ասրյանը, ով ընթերցեց Ու.Շեքսպիրի «Համլետ» ողբերգության «Լինել, թե՞ չլինել...» մենախոսությունը: Մրցանակը նրանն էր՝ Անթընի Բըրջեսի «Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան՝ XX դարի ամենահռչակավոր գրական ստեղծագործությունը: Հանելուկը լուծված էր: «Անտարես» հրատարկչությունը այն «Արգելված գրքեր» մատենաշարով հրատարակել է 2018-ին՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ:
Անակնկալները շատ էին. տեսաձայնագրությամբ ուսանողներին ողջունեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզանննա Ղազարյանը: Նա սիրով ուսանողներին նվիրեց իր և իր մայրիկի՝ Դորա Եսայանի թարգմանած գրքերից: Ուսանողուհի Լիլիթ Հովսեփյանը ստացավ Ալ. Դյումայի «Մարգո թագուհի» վեպը՝ Դորա Եսայանի թարգմանությամբ: Այն մի քանի օր առաջ վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Արևիկ Ալիխանյանը ստացավ ամերիկացի գրող Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպը՝ Ռուզաննա Ղազարյանի թարգմանությամբ: Մանե Գաբրիելյանն էլ ստացավ Թրումեն Կապոտեի «Նախաշաճ Թիֆընիի մոտ» վիպակը՝ դարձյալ Ռուզաննա Ղազարյանի թարգմանությամբ. այն վերջերս վերահրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Ռուզաննա Ղազարյանն ասաց՝ ինքը համոզված է, որ ուսանողները գիտեն գրականության արժեքը, գիտեն, որ առանց գրականության մեր կյանքն անիմաստ է, գրականությունն է, որ մեզ պահում է, որի շնորհիվ մենք ապրում ենք, գոյատևում ենք և հույսներս չենք կորցնում: Նա ուսանողներին մաղթեց հաջողություն և ամենայն բարիք:
Ք.Դադյանը հավելեց, որ Արևիկ Ալիխանյանը ստացավ այդ գիրքը, քանի որ գիտեր՝ «Կնքահայրը» Արևիկի ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է: Իսկ Լիլիթ Հովսեփյանն առանձնանում է իր գրական-վելուծական մտքով, նա խնամքով, սիրով ու զգուշությամբ է մոտենում գրական ստեղծագործություններին, իսկ Մանեն քննություններին ամենալավն է պատասխանում. նա առանձնանում է աշխատասիրությամբ, գեղեցիկ և սահուն խոսքով, ընթերցասիրւթյամբ:
Անակնկալ կար նաև ուսանողուհի Իննա Մկրտումյանի համար: Նա ստացավ մի տուփ կոնֆետներ՝ գեղեցիկ հատվածի ընտրության, ռուսերեն վարժ ու սահուն ընթերցելու համար:
Ելույթ ունեցավ Կ.Պողոսյանը՝ արժևորելով միջոցառումը, նշելով, որ այլընտրանքային դասը նոր կողմերից է բացահայտում ուսանողին և հնարավորություն տալիս նրան բազմակողմանի դրսևորվելու: Նա հավելեց, որ ուսանողներն ունեին գրական ճաշակ, և որ նրանցից շատերն աչքի էին ընկնում ճիշտ և տպավորիչ ընթերցանությամբ:
Ե՛վ ուսանողները, և՛ ներկա հյուրերն արտահայտեցին իրենց տպավորությունները և շնորհակալություն հայտնեցին գեղեցիկ դաս-միջոցառման համար: