- Main
- Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, ֆ.մ.գ.թ., ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ Կարեն Հովսեփյանի հետ
2019թ. մայիսի 16-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2010թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Կարեն Հայկի Հովսեփյանի հետ:
- Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:
- Ծնվել եմ 1989թ. հունվարի 4-ին Տավուշի մարզի Սևքար գյուղում:
- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:
- Ապրում եմ ավանդական հայկական ընտանիքում` ծնողներիս, եղբորս, կնոջս ու աղջկաս հետ, ով մեկ ամիս առաջ է ծնվել: Կինս և եղբայրս նույնպես ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ են:
- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
- Հիշում եմ` առաջին դասարանում շարադրություն էի գրել «ի՞նչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ» թեմայով: Նշել էի օդաչուի մասնագիտությունը:
- Ի՞նչ կրթություն եք ստացել:
- 2006-2010 թթ. սովորել եմ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա» մասնագիտության բակալավրիատում: 2010-2012 թթ. ուսումս շարունակել եմ ԵՊՀ մագիստրատուրայում՝ ստանալով մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան: 2012-2015 թթ. սովորել եմ Կազանի պետական էներգետիկայի համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում` որպես ասպիրանտ: 2015թ. ստացել եմ ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2019 թվականին ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստացել եմ դոցենտի գիտական կոչում:
- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
- ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունն ուրույն տեղ ունի իմ կյանքում: Այստեղ իմ մեջ ամրապնդվել է սերը ուսման նկատմամբ, ինչի շնորհիվ էլ հետագայում շարունակել եմ ուսումս այլ բուհերում:
- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
Աշխատանքային փորձս սկսվել է 2013 թ.-ից, երբ ԿՊԷՀ-ի ասպիրանտուրայում սովորելուն զուգահեռ սկսեցի դասավանդել «Հավանականությունների տեսություն», «մաթեմատիկական անալիզ» առարկաները: Որպես աշխատանքային փորձ կարող եմ նշել նաև ասպիրանտուրայում սովորելու տարիներին մասնակցությունս բազմաթիվ գիտական սեմինարների և կոնֆերանսների`ՌԴ-ում, ՀՀ-ում, որոնք հնարավորություն են տվել մինչ այժմ զբաղվել գիտական գործունեությամբ:
ԵՊՀ ԻՄ-ում սկսել եմ աշխատել 2015թ. սեպտեմբերի 1-ից՝ որպես Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, այժմ նույն ամբիոնի դոցենտ եմ:
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
- Սիրելի գրքեր շատ ունեմ, բայց այս պահին հիշեցի Ալեքսեյ Տոլստոյի «Князь Серебряный» գիրքը:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Jack London - ,,White Fung’’:
- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:
- Սիրում եմ լսել տարբեր ոճերի երաժշտություն՝ մեր հայկական ժողովրդականից մինչև ժամանակակից:
- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
- Ամենաշատ տպավորված ֆիլմերից այս պահին հիշում եմ ,,Мирный воин” ֆիլմը:
- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:
- Սպորտաձևերից հետաքրքրվում և միշտ հետևում եմ ֆուտբոլի, հոկեյի և թենիսի առաջնություններին:
- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:
- Հայաստանն իմ հայրենիքն է, և սիրված վայրեր Հայաստանում շատ կան: Ինչ-որ վայր սիրելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է ապրել այդտեղ:
Արտերկրում սիրածս վայրը քաղաք Կազանն է՝ արդեն հարազատ և սիրված վայր:
- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:
- Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը, բարեկրթությունը, անմիջականությունը և հումորի զգացումը:
- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:
- Արա՛ այն, ինչ պետք է անես, և թո՛ղ լինի այն, ինչ լինելու է:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- Երբեք մի՛ ասա երբեք:
- Ինչի՞ց եք վախենում:
- Բոլոր մարդիկ էլ իհարկե ունեն վախեր. ես աշխատում եմ դրանց մասին չմտածել:
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Կարծում եմ, որ ոչ մի բանի համար ափսոսալու կարիք չկա, որովհետև եթե նույնիսկ ինչ-որ տեղ սխալվում ես, դու ձեռք ես բերում փորձ, որը հաջորդ անգամ քեզ կօգնի ճիշտ որոշում կայացնել:
- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:
- Ցանկացած իրավիճակ տարբեր տեսանկյուններից դիտարկելը:
- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
- Կյանքում իհարկե ունեմ ձեռքբերումներ` ընտանիքս, աշխատանքս, ընկերներս: Ինձ համար ձեռքբերում է նաև կյանքն արժևորելը:
- Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
- Որպես մաթեմատիկոս՝ փորձեմ ձևակերպել հաջողության իմ բանաձևը. աշխատասիրությունը, կամքի ուժը, նպատակին անվերապահորեն հավատալը և ոչ մի հանգամանքում ոչ մի վայրկյան հաջողությանը չկասկածելը = հաջողություն:
- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:
- Երբեք մի՛ վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես չես ցանկանա, որ քեզ հետ վարվեն:
- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):
- ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, երիտասարդներին խորհուրդ եմ տալիս լինել ավելի նախաձեռնող, ժամանակի մեծ մասը տրամադրել սովորելուն:
Համալսարանական կրթությունը մասնագետ դառնալու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է, իսկ բավարար նախապայմանը համալսարանում ստացած գիտելիքները համալրելն է ինքնուրույն աշխատանքի միջոցով:
Ինձ՝ ԵՊՀ ԻՄ-ի նախկին ուսանողիս, ուսման ընթացքում շատ է օգնել դասախոսների հետ աշխատելը դասերից դուրս: Այլ բուհերի հետ համեմատելով՝ հասկացել եմ, որ ոչ բոլոր համալսարաններում դա կարելի է տեսնել: Ուստի խորհուրդ եմ տալիս մեր ուսանողներին չբավարարվել միայն դասի ընթացքում ստացած գիտելիքներով, անհրաժեշտության դեպքում դասից դուրս մոտենալ իրենց դասախոսներին և ստանալ այն հարցերի պատասխանները, որոնց իմացությունն անհրաժեշտ է:
- Շնորհակալ ենք անմիջական հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: