- Main
- «Հայաստանի տեսարժան վայրերը» թեմայով անգլերեն զեկուցումներ ներկայացրին հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները
2019թ. ապրիլի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի «Զբոսաշրջություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները անգլերենով ներկայացրին «Հայաստանի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ:
Դաս-միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Աննա Կարապետյանը:
Ուսանողները շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին Հայաստանի մի քանի տեսարժան վայրեր, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստան այցելող զբոսաշրջիկների շրջանում:
Մասնավորապես խոսվեց Տավուշի մարզի Գոշ գյուղի մոտ գտնվող հրաշալի Գոշ լճի մասին, որի երկարությունը 100 մետր է, լայնությունը` 80մ, առավելագույն խորությունը՝ 8մ, ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է ընդամենը 14°C-ի: Հատկանշվեց, որ այդ տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարբեր գոյացությունների, հանքային աղբյուրների և այլն:
Ներկայացվեց Լաստիվերը, որը դրախտային մի վայր է՝ խիտ անտառներով, քարանձավներով, գեղեցիկ ջրվեժներով և գետով: Զբոսաշրջիկների հատուկ ուշադրությանն են արժանանում ձորում գտնվող քարանձավները, որտեղ հասնելու համար մարդիկ կառուցել են սանդուղք: Եվ քանի որ այդ աստիճանն ավելի շատ նման է լաստի, այս վայրը ստացել է Լաստիվեր անունը:
Ուսանողները նաև խոսեցին Գեղարքունիքի մարզում՝ Սևանի թերակղզու վրա գտնվող Սևանավանք հայկական վանական համալիրի մասին, որը հիմնադրվել է 305թ. Գրիգոր Ա Լուսավորչի կողմից: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում:
«Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին նաև Սևանա լիճը և մի քանի այլ ուշագրավ վայրեր:
Նրանք շատ ոգևորված և հուզված էին, քանի որ առաջին անգամ էին զեկուցումներ ներկայացնում անգլերենով, և ցանկություն հայտնեցին հաճախակի մասնակցել նման դաս-միջոցառումերի: