- Main
- ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար իրականացվում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը
2018-2019 ուստարվա II կիսամյակում մասնաճյուղում իրականացվում է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրով նախատեսված «Անգլերենը ակադեմիական միջավայրում» դասընթացը, որը վարում են ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նարինե Գասպարյանը և նույն ամբիոնի ասիստենտ Զարուհի Անտոնյանը:
Սույն դասընթացի նպատակն է զարգացնել սովորողների (ունկնդիր դասախոսների) անգլերեն գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, հիմք ստեղծել ակադեմիական և գիտական ասպարեզներում հաղորդակցվելու, որը հնարավորություն կտա, ըստ իրադրության, անգլերենով արտահայտվել նախատեսված թեմաների շուրջ և լեզվական նյութի սահմաններում հասկանալ ընթերցած կամ լսած խոսքը:
«Այսօր անգլերեն սովորելու բազմաթիվ պատճառներ կան: Օրինակ՝ անգլերենը միջազգային լեզու է: Աշխարհի 5 ամենամեծ լրատվական կենտրոնների լեզուն անգլերենն է: Անգլերենի իմացությունը թույլ է տալիս սովորել արտասահմանում և բարձրացնել կրթության որակը: Հայաստանի ռազմավարական ծրագրերից է տուրիզմի զարգացումը, սակայն Հայաստանը, փոքր երկիր լինելով, չի կարող զարգացնել տուրիզմը իր լեզվով (հայերենով). դա հնարավոր է իրականացնել միայն անգլերենի միջոցով... ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մեծ մասը չի տերապետում անգլերենին, քանի որ տարածաշրջանում երկար ժամանակ որպես օտար լեզու լայն տարածում է ունեցել ֆրանսերենը: Հաշվի առնելով վերը նշված և բազմաթիվ այլ հանգամանքներ՝ ԵՊՀ ԻՄ-ն իր դասախոսների համար իրականացնում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը», - անդրադառնալով դասընթացի նպատակին՝ ընդգծեց Զ.Անտոնյանը:
Դասընթացը միտված է սովորողների հաղորդակցական կարողությունները զարգացնելու 4 հիմնական ուղղություններով (լսել, խոսել, կարդալ, գրել), քանի որ լեզվական գործունեության այս 4 տեսակների համադրությամբ է հնարավոր դառնում բնական լեզվական միջավայրի մոդելի և շփման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
Այն նախատեսված է իրականացնել ուսուցման 6 մակարդակներով (A1, A2, B1, B2, C1, C2), որոնց լիարժեք յուրացման արդյունքում սովորողը հնարավորություն կունենա անգլերենով օգտվել մասնագիտական գրականությունից, ընկալել գրավոր և բանավոր գիտական խոսքը, ինչպես նաև հաղորդակցվել մասնագիտական հարցերի շուրջ:
ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմը խմբավորվել է ըստ անգլերենի իմացության մակարդակների, և այժմ իրականացվում է անգլերենի A1 մակարդակի ուսուցման դասընթացը, որում ընդգրկված են մասնաճյուղի 29 դասախոսներ:
Այս դասընթացի շրջանակներում դասախոսներին մատուցվում են սկզբնական գիտելիքներ անգլերենի հնչյունաբանությունից, քերականությունից և բառապաշարից: Ընդհանուր առմամբ անգլերենի A1 մակարդակը նպատակաուղղված է ավանդական և ինտենսիվ մեթոդների զուգակցմամբ հիմք դնել սովորողների լսելու, կարդալու, թարգմանելու, պատմելու կարողությունների ձևավորմանը:
Դասընթացի ընդհանուր տևողությունը 10 շաբաթ է (60 ժամ ժամաքանակով) և կավարտվի հունիսի 28-ին՝ քննությամբ (անգլերենի համապատասխան մակարդակի տիրապետման թեստի հանձնում):
Դասախոսները բավականին ակտիվ են դասերի ժամանակ և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դասընթացի նկատմամբ: