- Main
- Կայացավ կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը
2019թ. մարտի 7-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց տոնին:
Ֆակուլտետում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ գարնան և կանանց տոնի մեկնարկն ազդարարվում է ցուցահանդեսի հանդիսավոր բացմամբ, որը սիրո, հարգանքի և մեծարանքի տուրք է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ներկայացուցիչներ, արվեստագետներ, դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ, շրջանավարտներ, քաղաքացիներ:
Բացման խոսքով հանդես եկան ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչ, ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ Համլետ Ասատրյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Ղալումյանը, մշակութաբան Անի Կոստանդյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Մարգարյանը, ովքեր ջերմորեն շնորհավորեցին Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին՝ գարնանային չքնաղ տոնի առթիվ հղելով սիրո, գեղեցկի, բարու մաղթանքներ:
Այնուհետև ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին պարոն Ցուցուլյանը հանձնեց հավաստագրեր, և կանանց տոնին նվիրված ցուցահանդեսը հայտարարվեց բացված:
Ցուցահանդեսում ընդգրկված են Կիրառական արվեստի ֆակուլտետի 9 դասախոսի և 10 ուսանողի՝ բազմաբնույթ ու բազմաժանր, հետաքրքիր ու ինքնատիպ 75 աշխատանքներ:
«Կանանց տոնին նվիրված այս ցուցահանդեսը, - հարցազրույցի ընթացքում շեշտեց պարոն Ասատրյանը, - աննախադեպ է իր բազմաժանրությամբ՝ գեղանկար, քանդակ, կիրառական արվեստ, գրաֆիկա, գոբելեն, բատիկա, ապակենկարչություն, կերամիկա և այլն»:
Պայծառ ու շքեղ գույներով փայլող աշխատանքները պատկերասրահը ողողել են գարնանային թարմ տրամադրությամբ, գեղեցկության ու կանացիության շնչով, տաքուկ գույների չարաճճի խաղով:
Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: