- Main
- Կայացան «Կրթության ժամանակակից խնդիրները» և «Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դաս-քննարկումները
2019թ. փետրվարի 12-ին և 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան «Կրթության ժամանակակից խնդիրները» և Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դաս-քննարկումները, որոնք վարեց ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Երկօրյա քննարկումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:
Առաջին օրվա ընթացքում՝ «Կրթության ժամանակակից խնդիրները» դաս-քննարկման ժամանակ, մասնակիցներին ներկայացվեցին այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն փոփոխությունները, որոնք ազդում են ուսանողների վրա:
Ընդգծվեց այն գաղափարը, որ մենք պետք է հասկանանք ուսանողների առօրյան համալսարանից դուրս, որպեսզի կարողանանք արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:
Որպես ուսանողների վրա ազդող գործոն նշվեց տեղեկատվական հոսքերի ավելացումը, ինչի հետևանքով սովորողների դեպքում առաջանում է ուշադրության դեֆիցիտ: Որքան շատ է տեղեկատվությունը, այնքան ավելի շատ ենք սպառում մեր ուշադրությունը. այս հանգամանքը դժվարացնում է սովորելու գործընթացը:
Շեշտվեց նաև այն հանգամանքը, որ այսօր ամեն ինչ հարմարեցվում է մարդուն: Սակայն կրթությունն արդյունավետ է այն դեպքում, երբ մարդն է հարմարվում սովորելու գործընթացին:
«Լուրջ խնդիր է նաև տեխնոլոգիաների զարգացումը, որը շատ առումներով փոխարինելու է մարդուն: Թերևս ամենագլխավոր խնդիրն այն է, որ այսօր կա իմաստի, մեծ գաղափարի կորուստ, առանց դրանց կրթական համակարգը չի կարող զարգանալ», - հատկանշեց պարոն Խաչատրյանը:
Երկրորդ օրվա ընթացքում՝ «Ինչպես է սովորում մարդը» թեմայի քննարկման շրջանակներում, մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես է տեղի ունենում սովորելու գործընթացը, ընդգծվեց ուշադրության դերը կրթության գործընթացում, ուսուցումը դիտարկվեց որպես խորքային գործընթաց:
Տրվեց սովորելու ճարտարապետությունը: Ներկայացվեց, թե ինչպես է կառուցված մարդու ուղեղը, ինչպես է մարդը սովորում: Իրարից տարբերակվեցին աշխատանքային և երկարաժամկետ հիշողությունները: Նշվեց, որ մարդու աշխատանքային հիշողությունը սահմանափակ է, ուստի չի կարելի մարդուն չափից ավելի շատ բան սովորեցնել, իսկ այն, ինչ սովորեցնում ենք, պիտի լինի իմաստալից և կապակցված: Ընդգծվեց, որ երկարաժամկետ հիշողությունն էլ հիմնվում է խորքային գիտելիքի վրա: Այն ամենը, ինչը մակերեսային է, ուսուցում չէ. ուսուցումը լինում է խորքային:
Դասախոսներն արծարծված խնդիրների շուրջ արտահայտեցին իրենց տեսակետները, պարոն Խաչատրյանին ներկայացրին իրենց հուզող հարցերը՝ ակնկալելով նաև կոնկրետ առաջարկներ. ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ:
Երկօրյա դաս-քննարկումներն ավարտվեցին՝ կրկին հանդիպելու և ժամանակակից կրթությանն առնչվող այլ խնդիրներ քննարկելու ակնկալիքով: