Աշխարհի մոտ 100 երկրում փետրվարի 14-ը նշվում է որպես Սիրահարների օր: Ի սկզբանե այն նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին:

Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան` զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Նա կալանավայրում բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է:

Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»:

Այս պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին՝ հռոմեական կայսր Կլավդիոս II-ի օրոք: Իսկ 496-ին Հռոմի պապ Հելասիուս I-ը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:

Այսօր աշխարհի շատ երկրներում այն պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ:

Սիրահարների օրը Արևմտյան Եվրոպայում սկսել են նշել՝ սկսած XIII դարից, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից:

Ճապոնիայում ընդունված է այդ օրը քաղցրավենիքներ և հատկապես շոկոլադ նվիրել սիրելիին, Ֆրանսիայում՝ զարդեր, իսկ Դանիայում իրար չորացրած սպիտակ ծաղիկներ են ուղարկում:

Մեծ Բրիտանիայում չամուսնացած աղջիկները փետրվարի 14-ին արթնանում են վաղ առավոտյան, կանգնում լուսամուտի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Ըստ լեգենդի՝ առաջին տեսած տղամարդն էլ համարվում է այդ աղջկա կյանքի ընկերը:

Սաուդյան Արաբիան էլ աշխարհում միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է:

Հին Ռուսաստանում ևս կար սիրո տոն, սակայն այն ոչ թե ձմռանն էր նշվում, այլ ամռան սկզբին և կապված էր Պյոտրի ու Ֆևրոնիայի լեգենդար պատմության հետ:

Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տյառնընդառաջի տոնին:

Ըստ եկեղեցական ավանդության` Տրնդեզի տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարի հետ:

Այդ օրը` վաղ առավոտյան, մեծահասակ կանայք, եկեղեցուց վերադառնալով, Տրնդեզի ուտեստներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին:

Կեսօրից հետո նորահարս ունեցող ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում:

Խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները:

Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին: Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները: Այս ավանդույթը մեզանում պահպանված է մինչև օրս:

Հայաստանում երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսն է համարվում Սուրբ Սարգիս զորավարը, որի հիշատակության օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը: Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը  այս տարի կնշվի փետրվարի 16-ին:

Spread the article
©2024 All rights reserved.