- Main
- ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման «Սերվիս» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողների այցը Դիլիջան
2018թ. նոյեմբերի 21-ին «Սերվիսի մշակույթ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման «Սերվիս» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ՀՀ ՆՄ անդամ, Հայաստանի ԺՄ անդամ Լևոն Լաչիկյանի ղեկավարությամբ, այցելեցին «ԴԻԼԻՋԱՆ ՀՈԹԵԼ ՌԵԶՈՐԹ ԸՆԴ ՍՊԱ» ("DILIJAN" HOTEL RESORT AND SPA) հյուրանոցային համալիր:
Պարոն Լաչիկյանի խոսքով՝ «Սերվիս» մասնագիտությունն ընտրած ուսանողը (թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգի), տեսական գիտելիքներին զուգահեռ, ավելին՝ դրանցից է՛լ ավելի շատ պիտի ձեռք բերի գործնական հմտություններ՝ պարբերաբար այցելելով սպասարկման ոլորտի ամենատարբեր հաստատություններ: Նրա համոզմամբ՝ մի բան է մասնավոր կամ անհատական այցը և մեկ այլ բան՝ այցելությունը խմբով ու մասնագետ-ղեկավարի ուղեկցությամբ:
Ուսանողների մեծ մասն առաջին անգամ էր գտնվում «ԴԻԼԻՋԱՆ ՀՈԹԵԼ ՌԵԶՈՐԹ ԸՆԴ ՍՊԱ» հյուրանոցային համալիրում, և նրանց համար բնականաբար հետաքրքիր էր ծանոթությունն անխտիր բոլոր հարմարություններին՝ սենյակներին (70 սենյակ), խաղասրահին, մարզադահլիճին, բուժական և մերսման սենյակներին, լողավազանին և ճաշասրահին:
Ուղեկցող աշխատակցուհին սիրալիր կերպով տեղեկատվություն հաղորդեց գների, կիրառվող զեղչերի, ընդհանրապես հաճախելիության և առաջիկա ամանորյա օրերին սպասվող մարդկային հոսքերի մասին:
Կոնֆերանս դահլիճում անցկացվեց դասընթացի շրջանակում նախատեսված սեմինար-պարապմունքը, որի ընթացքում ուսանողները իմացան զբոսաշրջիկների հետ տարվող աշխատանքային նրբությունների, հյուրանոցային աշխատողի վարքի կանոնների, կոնֆլիկտների ծագման դեպքում դրանց լուծման եղանակների և նմանօրինակ շատ այլ կարևոր հարցերի մասին:
Այցի վերջում կուրսի ավագ Մելինա Համբարձումյանն իր համակուրսեցիների անունից գոհունակություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը՝ ուսումնական պրակտիկաների կազմակերպմանը պատշաճ ուշադրություն դարձնելու համար: