- Main
- Մեր աշխատակիցները միջազգային ամառային դպրոցում
2018թ. սեպտեմբերի 26-29-ին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն (CSIAM) անցկացրեց գիտաչափությանը նվիրված երկրորդ միջազգային ամառային դպրոցը` «Գիտության արդի մոտեցումներ. գիտաչափություն» խորագրով։
Ամառային դպրոցին մասնակցում էին ՀՀ տարբեր գիտակրթական հաստատությունների 3 տասնյակից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Սիրանուշ Հովհաննիսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը: Նա նշեց, որ գիտաչափությունը համեմատաբար նոր ուղղություն է Հայաստանում, և նման միջազգային ծրագրերը կնպաստեն, որ հայկական գիտությունը ներկայանալի լինի համաշխարհային գիտական շրջանակներում:
Ամառային դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես եկան գիտաչափության ոլորտի առաջատար մասնագետներ Բելգիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Հայաստանից։
Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունը, կառուցվածքը և գործունեությունը: Կենտրոնի հետազոտական հիմնական ուղղությունը գիտաչափությունն է, որը ներկայումս լայն տարածում ունեցող գիտության չափման քանակական մեթոդ է, որի արդյունքները կիրառվում են գիտության համակարգերի կատարողականության, արդյունավետության և մրցունակության գնահատման համար: Կենտրոնը հաշվում է ազգային ամսագրերի ազդեցության գործոնը (Impact Factor), ստեղծում և համակարգում է տարբեր գիտական շտեմարաններ, կազմակերպում է գիտաչափության մասին տեղեկատվության տարածմանն ուղված միջոցառումներ և այլն: CSIAM-ի գործունեության հասցեատերերն են՝
Բելգիայի Լուվենի համալսարանի պրոֆեսոր, միջազգային գիտական խորհրդատու Վոլֆգանգ Գլանզելը հանդես եկավ երկու դասախոսություններով, որոնց ընթացքում ներկայացրեց մատենագիտական տվյալների շտեմարանները (Web of Science, SCOPUS, Google Scholar), վերջինների աշխատանքը տվյալների հավաքագրման և դրանց ճշգրտության տեսանկյունից, գիտաչափական տարբեր չափանիշները (միջազգային հեղինակավոր ամսագրերում որքան հոդված է հրապարակել այս կամ այն գիտնականը, որքան հղումներ են արվել դրանց, ինչպես է հաշվարկվում ամսագրի ազդեցության գործոնը և այլն), գիտության ոլորտի խնդիրները (արտատպություններ, կեղծ գիտաթեզեր և այլն), գիտության տարբեր ուղղությունների առանձնահատկությունները գիտաչափության և դրա արդյունքների կիրառման տեսանկյունից:
Հեռակապի միջոցով իր դասախոսությունը ներկայացրեց Իտալիայի Թուրինի պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ Դոմենիկո Ավգուստո Մայզանոն: Նա ներկայացրեց մատենագիտական շտեմարանների տվյալների բաձրորակության խնդիրները, տարբեր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրման առավել տարածված սխալները (հեղինակի անվան, հոդվածի վերնագրի, թողարկման տարեթվի, ծավալի, վերնագրի և սեղմագրի թարգմանության, հղման և ալն) և դրանց նվազեցմանն ուղղված քայլերը:
Ռուսական գիտական էլեկտրոնային գրադարանի (eLibrary.ru) փոխտնօրեն Վիկտոր Գլուխովը նշեց, որ գրադարանը, ի տարբերություն միջազգային մատենագիտական շտեմարանների, ամբողջական տեքստային բազա է, որում ներառված են աշխարհի տարբեր ամսագրերում հրատարակված ռուսաստանյան, ինչպես նաև ԱՊՀ երկրների գիտնականների հոդվածները, ատենախոսությունները, գյուտերի արտոնագրերը և դրանց վերաբերյալ տարբեր վիճակագրական տվյալներ: Գրադարանում ընդգրկված ամսագրերից լավագույնները ներառված են Գիտական հղման ռուսական ցուցիչում (РИНЦ, RSCI):
Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի գիտական խորհրդատու Ալեքսան Շահխաթունին խոսեց գիտական էթիկայի, հրապարակումների, մատենագիտության և գիտաչափության մեջ հանդիպող զեղծարարությունների մասին: Նա ներկայացրեց գիտական հետազոտության գործընթացի յուրաքանչյուր փուլում (բացահայտում, հրապարակում, տարածում, գնահատում և այլն) որոշ անձնանց և կազմակերպություների կողմից առաջարկվող հակագիտական, վճարովի ծառայությունները (կեղծ կամ կասկածելի հեղինակությամբ ամսագրեր, հոդվածի կամ գրախոսության պատրաստում և այլն), դրանց բացասական ազդեցությունը գիտնականի կարիերայի վրա և դրանցից խուսափելու ձևերը:
Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի գիտաչափության և վարկանիշավորման հետազոտությունների կենտրոնի տնօրեն, միջազգային գիտական խորհրդատու Վիկտոր Բլագինինը խոսեց գիտական ամսագրերի, գիտաչափության, երաշխավորությունների և միջազգային ստանդարտների մասին:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի հանրային գիտական տեխնոլոգիական գրադարանի փոխտնօրեն Դենիս Կոսյակովը անդրադարձավ գիտական հետազոտության ոլորտի զարգացման դժվարին խնդիրներին: Նա նշեց, որ անհատ գիտնականների, գիտական խմբերի, բուհերի և այլ կազմակերպությունների համար, կախված նրանց ուսումնասիրության ոլորտներից և բնույթից, պետք է լինեն տարբեր չափանիշներ, վիճակագրություն կազմելիս պետք է հաշվի առնվեն մի քանի տասնյակ չափանիշներ, իսկ գիտական քաղաքանակության որոշման ժամանակ հիմնվեն ոչ միայն թվերի, այլև փորձագետների տվյալների վրա:
Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Էդիտա Գզոյանը իր ելույթում անդրադարձով սոցիալական և հումանիտար գիտությունների ոլորտների գիտաչափությանը:
“Claritive Analytics” (նախկին “Thomson Reuters”) ընկերության փորձագետ Պավել Կասյանովը ներկայացրեց Հայաստանի գիտական հրապարակումների և հղումների վիճակագրությունը, հարևան և ԱՊՀ երկրների ցուցանիշների հետ համեմատությունը, առաջատար ոլորտները, միջազգային հետազոտական ծրագրերի քանակները ըստ համագործակցող երկրների: Նա նաև նշեց, որ ազդեցության գործոնը (Impact Factor) ոչ թե գիտնականների արդյունավետության, այլ ամսագրի որակի ցուցիչ է, ներկայացրեց նաև, թե ինչեր են ոլորտային նորմալիզացված հղման ցուցիչը (CNCI) և Հիրշի ցուցիչը (H), խորհուրդներ տվեց, թե ինչպես օգտագործել մատենագիտական տվյալները:
Նույն ընկերության հիմնական հաճախորդների հետ աշխատանքի համակարգող Մարգարիտա Սիդորովան ներկայացրեց հետազոտություն կատարելու և համաշխարհային գիտությանը ինտեգրվելու համար “Claritive Analytics”-ի ընձեռած հնարավորությունները: Մասնավորապես նշեց, որ շտեմարանի 72 միլիոն գրառումների մեջ կարելի է փնտրում կատարել ըստ թեմայի, հեղինակի և այլն, այնուհետև կոնկրետացնել փնտրումը և դասակարգել ըստ տարեթվի, հղումների քանակի կամ այլ ցուցանիշի: Նա հավելեց, որ նաև հետազոտողները կարող են գրանցվել համակարգում, ստանալ նույնականացման համար (ResearcherID), որի օգնությամբ համակարգը նույն ազգանունով և անվանատառերով անձանց հոդվածներն առանձնացնելիս ավելի արդյունավետ է աշխատում:
Միջոցառման վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:
Միջազգային դպրոցի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ http://csiamconf2018.sci.am, իսկ կենտրոնի գործունեությանը՝ http://csiam.sci.am կայքերում։