- Main
- Երիտասարդության միջազգային օրը երիտասարդական մայրաքաղաքում
Օգոստոսի 12-ին ՀՀ 2018թ. երիտասարդական մայրաքաղաք Իջևանում մեծ շուքով նշվեց Երիտասարդության միջազգային օրը:
Ծրագրի բացումը տեղի ունեցավ Իջևանի Քանդակների զբոսայգում։ Ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շոմբի Շարփը, համալսարանականներ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանի գլխավորությամբ, այլ պաշտոնյաներ, կազմակերպությունների ղեկավարներ, իջևանաբնակ և Երևանից, ՀՀ մարզերից, Արցախից ժամանած հարյուրավոր երիտասարդներ:
Բացման ելույթներում պաշտոնյաները շնորհավորեցին երիտասարդներին և տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջևանին, կարևորեցին հասարակությունում երիտասարդության դերը և նշանակությունը, ներկայացրին օրվա խորհուրդը, բերեցին հաջողությունների հասած երիտասարդենրի օրինակներ, կոչ արեցին մասնակցել ծրագրով նախատեսված տարբեր միջոցառումներին։
Քանդակների զբոսայգուն կից տարածքում տեղի ունեցավ բադմինթոնի ցուցադրական մրցաշար, որին կարող էին մասնակցել նաև ցանկություն ունեցող երիտասարդները և մրցել պրոֆեսիոնալ մարզիկների հետ կամ էլ հետևել նրանց ցուցադրական ելույթներին։
Իջևանի գորգագործական կոմբինատի պատին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով կազմակերպվեց «ՍթրիթԱրթ»՝ հավասար հնարավորությունների, խաղաղության, հեղափոխության, բնապահպանության թեմաներով։ Նկարիչների մեջ էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ Գուրգեն Դալյանը և Իրինա Փիրումյանը:
Տավուշի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ «Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը» թեմայով հանդիպում-քննարկում, որն իրականացրեց «Հոդված 3» ակումբը։
Այնուհետև նույն դահլիճում կայացավ «Երիտասարդական հնարավորություններ» խորագրով կոնֆերանս, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Իջևանի «ԻնֆոՏուն»-ը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնում տեղի ունեցավ «Հաջողության իմ բանաձևը» թեմայով քննարկում, որի ժամանակ որոշակի փորձառություն ունեցող երիտասարդ աշխատողները իրենց փորձը փոխանցեցին ներկա գտնվող երիտասարդներին:
Բնականաբար, միջոցառումներ տեղի ունեցան նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
«Յելլ» էքստրիմ պարկի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը ներկայացրեց իր բիզնեսի հաջողության պատմությունը:
Միավորված ազգերի զարգացման ծրագրի աշխատակից Սիրանուշ Մանթարլյանը ներկաներին ծանոթացրեց «Ինտեգրված Գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից Տավուշի մարզում իրականացվող զբոսաշրջային ծրագրերին:
Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան ներկայացրեց ծրագրի միջազգային բարձրագույն կրթական հատվածը, բուհերի համագործակցության կարգը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Երիցյանն էլ ներկայացրեց «Էրազմուս+» ծրագրի երիտասարդական շարժունակության հատվածը:
Յուրօրինակ միջոցառում էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Մշակութային խճանկարը», որի ընթացքում Գերմանիայից, Շվեդիայից, Բելգիայից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Վրաստանից և Ուկրաինայից 30 երիտասարդներ ներկայացրին իրենց երկիրը, մշակույթը, խոհանոցը և սովորույթները։
Միջոցառման ընքացքում ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ Անուշ Չիբուխչյանը և Դոնարա Չիբուխչյանը անցկացրին ապակենկարչության (վիտրաժ) վարպետության դաս՝ զուգահեռաբար ներկայացնելով նաև ֆակուլտետի ուսանողների և դասախոսների աշխատանքները: Միջոցառման ընթացքում ԵՊՀ ԻՄ այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հանդիպում ունեցավ բուհի ղեկավարության հետ:
Քանդակների զբոսայգում երեկոյան մեկնարկեց «Հոդված 3» ակումբի կողմից իրականացվող «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» բացօթյա ցուցահանդեսը, և անցկացվեց ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակներին նվիրված թատերականացված բացօթյա ակցիա-վիկտորինա, որի հաղթողները պարգևատրվեցին խորհրդանշական նվերներով։
Օրվա վերջում տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ գեղեցիկ համարներով հանդես եկան Սրբուկը և «Տիեզերք Բենդը»։