- Main
- Պրակտիկայի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին Վայոց ձորի մարզ և Ենոքավան
2018թ. հունիսի 26-ին և 30-ին պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» 1-ին, «Սերվիս» 2-րդ (ուսումնական պրակտիկա) և 3-րդ (արտադրական պրակտիկա) կուրսերի ուսանողներն այցելեցին Վայոց ձորի մարզ և Ենոքավան:
Ուսանողներին ուղեկցում էին պրակտիկաների ղեկավարներ և պատասխանատուներ Պ.Ասիլբեկյանը, Հ.Ազիզյանը, Լ.Բեգինյանը և Ա.Ուլիխանյանը:
Հունիսի 26-ին մեր ուսանողներն այցելեցին Վայոց ձորի մարզ՝ ուսումնասիրելու տարածաշրջանի զբոսաշրջային ռեսուրսներն ու ենթակառուցվածքները:
Նրանք նախապես տեղեկություններ էին հավաքել տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ, իսկ տեղում ծանոթացան նաև բնության հուշարձաններին:
Նախ խումբն այցելեց Նորավանք, որտեղ կատարվեց պատմական էքսկուրս. ուսանողները երեք լեզվով ներկայացրին վանքի պատմությունը:
Նորավանքի զբոսաշրջային գրավչությունն ու հնարավորություններն ուսումնասիրելուց հետո նրանք այցելեցին Վայոց ձորի մյուս կարևոր կենտրոն՝ Ջերմուկ, որի հրաշալիքների բացահայտման ողջ ընթացքում խմբին ուղեկցեց փորձառու էքսկուրսավար Վանիկը:
Ջերմուկում ուսանողները եղան «Արմենիա» առողջարանում, ծանոթացան մատուցվող ծառայություններին և դրանց գներին, այնուհետև նրանք այցելեցին հանքային ջրերի ըմպելասրահ և փորձեցին տարբեր ջերմության ջրեր։
Հունիսի 30-ին մեր ուսանողներն այցելեցին Ենոքավան և մասնակցեցին «Հայ բույս 2018» փառատոնին, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճանաչելու Հայաստանում աճող բույսերի նշանակությունն ու կիրառությունը, հիանալու ծաղկարվեստի վարպետների աշխատանքներով, մասնակցելու տարբեր ուսուցողական խաղերի, մշակութային ու ժամանցային միջոցառումների և այլն:
Ենոքավանում մեր պրակտիկանտ-ուսանողները ծանոթացան իրադարձային զբոսաշրջության ընձեռնած հիմնական հնարավորություններին, ուսումնասիրեցին մատուցվող ծառայությունները, գնային քաղաքականությունը և սպասարկման որակը։
Այս այցելությունները ուսանողներին հնարավորություն տվեցին ամրապնդելու ստացած գիտելիքները, տեսնելու դրանց կիրառական նշանակությունը, միաժամանակ համեմատելու տարբեր տարածաշրջանների զբոսաշրջային հնարավորություններն ու կատարելու եզրահանգումներ: