- Main
- Մասնաճյուղի ներկայացուցիչները ԵՊՀ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովում
2018թ. ապրիլի 16-20-ը կայացավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության 5-րդ միջազգային ուսանողական գիտաժողովը, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրների շուրջ 50 գիտաուսումնական հաստատությունների գրեթե 400 ներկայացուցիչներ:
Գիտաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, դասախոսներ, ՈՒԳԸ անդամներ, գիտաժողովի մասնակիցներ:
Մհեր Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրության համար, ՈՒԳԸ ողջ թիմին՝ կատարված աշխատանքի համար, ԵՊՀ ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար:
Ռուբեն Մարկոսյանն իր ելույթում նշեց, որ ՈՒԳԸ միջոցառումներն աչքի են ընկնում կազմակերպվածության բարձր մակարդակով և փորձում են ապահովել համապատասխան գիտական մակարդակ:
Գիտաժողովի աշխատանքներն ընթացան մասնագիտական 20 բաժանմուքներում, որոնք շարունակվեցին մինչև ապրիլի 20-ը ներառյալ:
Փակման արարողության ժամանակ Մհեր Հակոբյանը նշեց. «Այս գիտաժողովը տարբերվում է նախորդից: Մենք կարող ենք արձանագրել, որ մեկ քայլ առաջ ենք գնացել ու կատարելագործել մեր ամենակարևոր միջոցառումը: Այս տարի գիտաժողովի և՛ մասնակիցների թիվն էր շատ, և՛ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված մարդկանց: ԵՊՀ ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովն աշխարհում երիտասարդական կարևոր միջոցառումներից մեկն է դառնում»:
Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 6 ներկայացուցիչներ:
Ապրիլի 18-ին Լեզվաբանության բաժանմունքում “The Old English Vocabulary and Word-Formation” թեմայով գիտական զեկուցում կարդաց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Արտաշեսի Շահնազարյանը:
Մյուս ներկայացուցիչները գիտաժողովին մասնակցեցին ապրիլի 19-ին:
Աշխարհագրության և երկրաբանության բաժանմունքում ելույթ ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հակոբ Սամվելի Դավթյանը: Նա ներկայացրեց «Տավուշի մարզի Սևքար գյուղի և հարակից տարածքների զբոսաշրջային ռեսուրսների վերհանում, հաշվառում և քարտեզագրում» թեմայով գիտական զեկուցում:
Պատմության բաժանմունքում «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Իրինա Արսենի Սաֆարյանը ներկայացրեց Ջոն Քենեդու դերը Կարիբյան ճգնաժամում:
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Սամվելի Ալավերդյանը ելույթ ունեցավ Մանկավարժության բաժանմունքում: Նա ներկայացրեց «Շախմատի դերը աշակերտի մոտ մաթեմատիկակական հասկացությունների վերաբերյալ պատկերացումների զարգացման գործում»:
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Աստղիկ Արթուրի Ղազարյանը և Ռոզա Արմենի Մելքումյանը մասնակցեցին Հայ ևարտասահմանյան գրականության բաժանմունքի աշխատանքներին:
Աստղիկ Արթուրի Ղազարյանը ներկայացրեց «Առասպելաբանական և վիպական մոտիվները Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում» թեմայով գիտական զեկուցում:
Ռոզա Արմենի Մելքումյանը կարդաց «Ամպրոպային հերոսի գործառույթների հայտնաբերումը Երուանդի և Երուազի` երկվորյակ եղբայրների անուններում» թեմայով զեկուցում:
Բոլոր բաժանմունքների նախագահները և ներկաները բարձր գնահատեցին մասնաճյուղի ներկայացուցիչների աշխատանքների որակը, ողջունեցին հատկապես 2-րդ կուրսեցիների մասնակցությունը միջազգային գիտաժողովին:
Գիտաժողովից հետո ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:
Գրախոսության փուլը հաջողությամբ հաղթահարած աշխատանքները հետագայում կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում»: