- Main
- Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2018թ. ապրիլի 20-ին Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսներ Ֆրանսուա Ռուդոն, Ժերար Սիարին և Նիկոլա Թաթեսյանը:
Այցի նպտակն էր ուսանողներին ծանոթացնել համեմատական գրականության առանձնահատկություններին և ևս մեկ անգամ ամրապնդել հայ-ֆրանսիական հարաբերությունները:
Ֆրանսիայից ժամանած հյուրերին նախ դիմավորեցին ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները՝ Մանե Աղբալյանի գլխավորությամբ:
Ապա ֆրանսիացի դասախոսները հանդիպեցին առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողների հետ և նրանց համար կարդացին դասախոսություններ:
Ֆրանսուա Ռուդոն ներկայացրեց 16-րդ դարի ֆրանսիացի հայտնի բանաստեղծ Ժոաշիմ դյու Բելլեի ստեղծագործությունների գաղափարական և գեղարվեստական առանձնահատկությունները, մասնավորապես՝ դրանց հանգավորման սկզբունքները:
Ժերար Սիարին անդրադարձավ ֆրանսիացի գրող Լուի Արագոնի և թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթի ստեղծագործություններին: Իր դասախոսության ընթացքում նա վերհանեց համեմատական գրականության վերլուծության առանձնահատկությունները և կարևոր դրույթները:
Ուսանողները մեծ ուշադրությամբ հետևեցին դասախոսություններին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Դասախոսություններից հետո ֆրանսիացի հյուրերը ջերմ ընդունելության արժանացան ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի կողմից: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսաիական հարաբերությունների ամրապնդմանը, խոսվեց միջհամալսարանական փոխանակման ծրագրերի մասին:
Առաջարկներ եղան կապեր հաստատելու նաև Մոնպելիեի համալսարանի հետ, իրականացնելու վիդեո-կոնֆերանսներ, դասախոսություններ: