- Main
- Մասնաճյուղի պատվիրակությունը՝ ֆրանսիական ռադիոյի ուղիղ եթերում
Ֆրանսիայի Վալանս քաղաքում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ու դասախոսների վերապատրաստման դասընթացների երկրորդ շաբաթվա ընթացքում՝ 2018թ. ապրիլի 10-ին (տեղական ժամանակով՝ 9:30-ին) մեր պատվիրակությունը հյուրընկալվեց մարզային “France Bleu Drôme Ardèche” ռադիոընկերությունում:
Ֆրանկ Դոման, ով Վալանսի փոխքաղաքապետն է և միաժամանակ վարում է «Պատրաստենք միասին» հաղորդումը, մեր համալսարանականներին ծանոթացրեց ռադիոյի աշխատանքներին, ապա առաջարկեց ուղիղ եթերում մասնակցել հայկական խոհանոցին նվիրված հաղորդմանը:
Մեր պատվիրակության համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր լինել ֆրանսիական ռադիոյի ուղիղ եթերում:
Հաղորդմանը հրավիրված էր նաև Արմինե Իսպիրյանը, ով Վալանսում զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ:
Նախ՝ հաղորդավարը պատվիրակության ղեկավար Աիդա Մարդանյանին խնդրեց ներկայացնել այցի նպատակը:
Ա.Մարդանյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, հակիրճ ներկայացրեց այցի նպատակը, Իջևան-Վալանս քաղաքների բարեկամական կապերի պատմությունը, “Maestsris” համալսարանում իրենց ստացած վառ ու հաճելի տպավորությունների մասին՝ հավելելով, որ ԵՊՀ ԻՄ-ը նույնպես սիրով կընդունի ֆրանսիացի ուսանողների և դասախոսների:
«ՖԼԳ» 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Փաշինյանը ընդհանուր գծերով խոսեց Իջևան քաղաքի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ուսանողական կյանքի մասին:
Ապա նույն կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանը ներկայացրեց հայկական «Ղափամա» ուտեստի բաղդրատոմսն ու պատմությունը:
Սերինե Մատինյանը («ՖԼԳ» 4-րդ կուրս) ուղիղ եթերում ներկայացրեց քյուֆթայի պատրաստման եղանակը, իսկ Լիլիթ Եգանյանը («ՖԼԳ» 3-րդ կուրս) պատմեց, թե ինչպես են պատրաստում ավելուկը:
Այնուհետև Աշխեն Քարտաշյանը շնորհակալություն հայտնեց Վալանսի “UGAB”-ին (Հայկական բարեգործական ընկերություն) և “CPA”-ին: Նա խոսեց Հայաստանում սեղան պատաստելու մշակույթի մասին:
Հաղորդումն անցավ մեր ուսանողների ակտիվ և անկաշկանդ մասնակցությամբ, որին մեծապես նպաստեց նաև հաղորդավարի արհեստավարժ մոտեցումը:
Վերջում Աիդա Մարդանյանը շնորհակալություն հայտնեց այցի կազմակերպմանն աջակցած բոլոր կազմակերպություններին և հույս հայտնեց, որ փոխանակման ծրագիրը կլինի շարունակական, իսկ ուսանողները կդառնան ֆրանսերենի «դեսպանները» Տավուշի մարզում: