- Main
- Վերհիշելով Քառօրյա պատերազմը
2018թ. ապրիլի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Վերհիշելով Քառօրյա պատերազմը» խորագրով հուշ-ցերեկույթը, որը կազմակերպել էին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը և «Դիզայն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներ Նոնա Բեկնազարյանն ու Հովհաննես Եգանյանը։
Հուշ-ցերեկույթին ներկա էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք մատուցեցին քաջ մարտիկներին, ովքեր իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը։
«Դիզայն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհիներ Նոնա Բեկնազարյանը և Կարինե Ալավերդյանը հանդես եկան Քառօրյա պատերազմի մասին տեղեկատվությամբ՝ ներկայացնելով պատերազմի սկիզբը, պատճառները և մեղավորներին։
Ելույթներն ուղեկցվեցին տեսանյութերով, որոնցում ներկայացվեցին մարտական գործողությունների վերաբերյալ մանրամասներ։
Այնուհետև ցուցադրվեց Արցախյան պատերազմի ժամանակ անմահացած քաջերի մասին տեսանյութ։
Ներկայացվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հիմա էլ սովորում են Քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողներ:
Ելույթ ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ալեքսան Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով հուշ-ցերեկույթի կազմակերպիչներին, ընդգծելով նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը։
Հուշ-ցերեկույթի վերջում ցուցադրվեց քառօրյա հերոսամարտին վերաբերող «Կյանք ու կռիվ 2» գեղարվեստական ֆիլմը: