- Main
- Մասնաճյուղում նշվեց գիրք նվիրելու օրը
2018թ. փետրվարի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր մասնաճյուղի գրադարանի, հայոց լեզվի և գրականության ամբիոնի, ուսանողական կառույցների համատեղ ջանքերով:
Ներկա էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, գրադարանի աշխատակիցները, ՈՒԳԸ համակարգող Ս. Ալավերդյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Միջոցառումը բացվեց Գիրք նվիրելու տոնի նախապատմությամբ, թե ինչպես փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Շեշտվեց, որ պատահական չէր գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը, Թումանյանի, ով ժամանակին (1899) հիմնադրել էր մի յուրահատուկ «գրողների միություն»՝ «Վերնատունը», և իր շուրջն էր համախմբել ոչ միայն հիմնական անդամներին (Աղայան, Իսահակյան, Շանթ, Դեմիրճյան, Աղբալյան), այլև Թիֆլիսի գրեթե բոլոր նշանավոր գրական գործիչների, հասարակական դեմքերի, նկարիչների, երաժիշտների, հյուրերի (Պ. Պռոշյան, Ալ. Շիրվանզադե, Նար-Դոս, Վ. Փափազյան, Ա. Ահարոնյան, Վ. Տերյան, Լեո, Ստ. Լիսիցյան, Մ. Թումանյան, Փ. Վարդազարյան, Ա. Զարգարյան, Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Կոմիտաս և ուրիշներ)։
Ներկայացվեց, որ միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր, և լավ գիրքն ամենացանկալի ու հաճելի նվերների շարքում էր: Վերջին տարիներին այս օրը կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, մարդիկ և կազմակերպությունները (այդ թվում՝ հրատարակչությունները) գրքեր են նվիրում միմյանց, գրադարաններին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի նշանակությունը, գիրք նվիրելու մշակույթը:
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ այս միջոցառումն էլ համարելով հարգանքի տուրք Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին, ներկայացրեց բանաստեղծի գրական ժառանգությունը, նրա ստեղծագործության հիմնական մոտիվները, ժողովրդականությունն ու արդիականությունը:
Ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը միացավ Հովհ. Թումանյանի ստեղծագործության վերաբերյալ գնահատանքին՝ ընդգծելով Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգության համամարդկային բնույթը:
Մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող Ս.Ալավերդյանը անցկացրեց գրականության վերաբերյալ վիկտորինա, որի հարցերն ուղարկել էր «Բուկինիստ» գրախանութի աշխատակից Անի Ղազարյանը:
Գիրք նվիրելու օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ գրադարանի վարիչ Վ.Պողոսյանն ընդգծեց գրքերի անփոխարինելի դերն ու նշանակությունը սերունդների հոգևոր զարգացման գործում և միջոցառման բոլոր մասնակիցներին գրադարանի ֆոնդից նվիրեց գրքեր: