- Main
- Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 26-ամյա բանակ
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:
1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր, իսկ 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:
Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:
26 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:
Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:
Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:
Փա՛ռք ու պատիվ ձեզ, հայո՛ց քաջարի զինվորներ, որ սրատես արծվի պես զգոն հսկում եք մեր սահմանները, ձեզ ենք պարտական մեր ամեն մի խաղաղ օրվա համար...
Շնորհակալությու՛ն ձեզ և շնորհավո՛ր ձեր տոնը, մեր թանկագի՛ն զինվորներ, անփորձանք ծառայություն ձեզ և բարի վերադարձ...